Գրող, հրապարակախոս, Իրակլի Կակաբաձեի այս հոդվածն առաջին անգամ լույս է տեսել Liberali պարբերականում, 2013 թվականի մարտին: Հոդվածում խոսվում է բարեփոխումների համակարգման նախարար Կախա Բենդուքիձեի` կրթության ոլորտում գործունեության վերաբերյալ: Հոդվածի հայերեն տարբերակն ամբողջովին կարող եք կարդալ ստորև.
Ինչո՞ւ պիտի օրենք խախտեն «կարմիր օլիգարխները», այն դեպքում, երբ ամեն քայլափոխի պատժում են մանր առևտրականներին:
Հետևում եմ Կախա Բենդուքիձեի համալսարանի շուրջ «Միացյալ ազգային շարժմանը» ենթարկվող հեռուստաալիքների կողմից առաջացրած հիստերիային և չգիտես ինչու մի հասարակ հարց է առաջանում. եթե այս համալսարանը Սաակաշվիլիի ֆավորիտ ռուս օլիգարխի կողմից չկառավարվեր, ի՞նչ կարվեր հասարակ վարչական գործընթացների անցնելու համար: Վերջին 9 տարիների ընթացքում Սաակաշվիլիի ռեժիմը շատ բուհեր է փակել, իսկ Թբիլիսիի պետական համալսարանում քաղաքական զտումներ իրականացրել: Այդ ժամանակ Սաակաշվիլիի կողմից կառավարվող լրատվամիջոցները կամ լուռ էին, կամ ողջունում էին հերթական կրթօջախը փակելը կամ քայքայելը:
«Տաբուլա» թերթն ու հեռուստաընկերությունը, բնական է, շահագրգիռ կողմ են, քանի որ օլիգարխ Բենդուքիձեն իր օլիգարխ ընկերների հետ մեկտեղ «Տաբուլայի» հիմնադիրն է, չնայած դրան, օրակարգը որոշում է «Միացյալ ազգային շարժման» ուլտրա-աջակողմյան թիմը, իսկ հասարակությունը պասիվորեն հետևում է այս ամենին: Սա ցույց է տալիս, որ մեր հասարակության մեծ մասը հենց աջակողմյան և արտոնյալ համակարգի աջակից է:
Կախա Բենդուքիձեն սեփական համալսարանից հեռացրել է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Ի՞նչ անենք, այս ուսանողները Բենդուքիձեի նման, Ելցինի կոռումպացված ռեժիմի պայմաններում, «Ուրալմաշ» կամ որևէ այլ միլիարդանոց գործարան յուրացնելու հնարավորություն չեն ունեցել և դրա հետևանքով նրանց ուսումը շարունակելու հնարավորություն չի տրվել: Ուսանողների ունեցվածքի ցենզի համաձայն խտրականությունը, ինձ համար, կրթության կարևորագույն էթիկական սկզբունքի խախտում է: Այս հարցով համաձայն եմ նախարարության դիրքորոշման հետ:
Երկրորդը: Կախա Բենդուքիձեն ու իր համախոհները Վրաստանում ծայրահեղական նեոլիբերալ փիլիսոփայության քանդակագործներն են: Իհարկե, ուրիշների հետ մեկտեղ իրենք նույնպես իրավունք ունեն սովորեցնել այն, ինչ անհրաժեշտ են գտնում: Սակայն, համալսարանը քաղաքական գաղափարախոսական բանակի վերածելը, ուր հրաժարվում են այնպիսի պրոֆեսորներից, որոնց քաղաքական գաղափարախոսության վրա կասկածում են, կրթության սկզբունքների խախտում է:
2010 թվականին Թբիլիսիի պետական համալսարանի բարձր որակավորում ունեցող դասախոսներից մեկի ելույթի ականատեսը եղա: Նա այդ ժամանակ հայտարարեց, որ Բենդուքիձեն աշխատանքի ընդունման հարցազրույցից հետո իրեն չի ընդունել աշխատանքի բացառապես այն պատճառով, որ քաղաքական կողմնորոշումն այլ է եղել։ «Մենք այս համալսարանը տրոցկիստների համար չենք բացել»,- Բենդուքիձեին մեջբերեց այս դասախոսը: Բարձր որակավորում ունեցող ակադեմիական անձնակազմից գաղափարական հիմքով հրաժարվելը աշխատանքային իրավունքի կոպտագույն խախտում է: Չնայած, ինչի՞ մասին է խոսքը: Պարոն Բենդուքիձեին աշխատանքային իրավունքն ընդհանրապես չի հետաքրքրում: Նա կարծում է, որ արհմիություններն ընդհանրապես գործառույթ չունեն: Ինչպե՞ս կարող է համալսարանում դասավանդի մեկը, ով սոցիալական արդարության համար ձայն կբարձրացնի:
Օլիգարխ Կախա Բենդուքիձեն, ով իրոք հիմար չէ, սակայն անդաստիարակ մարդ է, իր համախոհների հետ մեկտեղ փորձում է ծայրահեղ նեոլիբերալիզմի ձևեր հաստատել, որտեղ մարդկանց ճնշող փոքրամասնությունը` մոտավորապես 1 տոկոսը, կառավարում է մնացածին և քաղաքացիների մեծամասնությունն ամբողջովին մարգինալ վիճակում է: Նեոլիբերալիզմը, այս դեպքում, շատ նման է բոլշևիզմի մոդելին, որը մեծացրել է Բենդուքիձեին և որի կոռումպացվածությունից նա լավ օգտվել է 1990-ական թվականներին:
Կարծում եմ, Պարոն Իվանիշվիլին ու իր կառավարությունը պետք է լավ իմանան, որ օլիգարխները հատուկ մարդիկ չեն: Նրանք հազվադեպ են մոդիլիանիներ ու մոցարտներ: Հիմնականում կամ ուղիղ հասկացությամբ թալանչիներ են, ովքեր 1990-ական թվականներին Ռուսաստանի կամ Վրաստանի օրինակով ժողովրդի հավաքած ունեցվածքն էին բաժանում իրար մեջ, կամ ուղղակի երջանիկ մարդիկ են, ովքեր ճիշտ ժամանակին ճիշտ վայրում են հայտնվել: Այդ պատճառով մարդկանց փոքրամասնությանն այսքան արտոնություններ տալն ու բոլորից վեր դասելը անարդար կլինի: Սաակաշվիլիի ռեժիմի հիմնական բացթողումը հենց սա էր, որ Բենդուքիձեի նման օլիգարխիկ կապիտալիզմի պատանդն է դարձել:
Ինչո՞վ են մեղավոր այն հարյուրավոր չունևոր ուսանողները, ովքեր չեն կարողացել ուսման վճարը մուծել և որոնց օրենքը խախտելով հեռացրել են:
Ի՞նչ մեղավորություն ունեն այն դասախոսները, որոնց գաղափարական տարբերության պատճառով, որպես «տրոցկիստ», կամ հեռացրել են աշխատանքից, կամ էլ աշխատելու հնարավորություն չեն տվել:
Նախարար (կրթության և գիտության, խմբ․) Գիորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ավտորիզացիայի հարցը հեշտությամբ հնարավոր է լուծել և դա չի վերաբերում ուսումնական գործընթացին: Մինչև հունիս, եթե Բենդուքիձեն ցանկանա, այս բացթողումները լրացնելը շատ հեշտ է: Ուղղակի, այս դեպքում Բենդուքիձեն չհաշտվեց, որ այլևս արտոնյալ կարգավիճակ չունի:
Ժամանակն է, որ Վրաստանը այլևս չլինի հարուստների հանրապետություն: Ժամանակն է, սովորական մարդկանց կրթություն ստանալու հնարավորություն տանք:
Պիեր Ժոզեֆ Պրուդոնը շատ ժամանակ առաջ ասել է. «Մասնավոր սեփականությունը գողություն է»: Ցավոք, որքան անցնում է ժամանակը, այնքան արտահայտիչ ենք տեսնում նման «մասնավոր սեփականությունը», որը խախտում է աղքատ ուսանողների իրավունքը, պաշտպանելով հարուստ սեփականատերերին: Սա, իրոք, նման է գողության:
Արդար հասարակությունում կրթության իրավունք ունեն բոլորը անխտիր և արտոնություններ չկան: Կախա Բենդուքիձեի նման օլիգարխները սա պետք է լավ հասկանան: Նրանց կողմից ձեռք բերված շատ մեծ քանակի ունեցվածքն է արտոնություն և ոչ թե կրթությունն ու առողջապահությունը:
Այդ իսկ պատճառով, պետք է իմանանք, որ բացառություն չկա: Այս հասարակությունում բոլորը հավասար են:
Ո՛չ, օլիգարխների հանրապետությանը։