«Վրաստանը տարածաշրջանում որպես կայունության պահպանման երաշխիք ենք դիտարկում»,- Դավոսում գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դորիս Լոյթարդը:
Վրաստանի կառավարության տարածած տեղեկատվության համաձայն՝ Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած հիշյալ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Շվեյցարիայի միջև առկա բարեկամական և համագործակցային հարաբերություններին վերաբերող հիմնական հարցերը:
Կողմերը կարևորել են Վրաստանի և Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի միջև կնքված պայմանգիրը, առևտրատնտեսական, գյուղատնտեսության, զբոսաշրջության և կրթական ոլորտներում երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև լեռնային շրջանների զարգացման ուղղությամբ Շվեյցարիայի փորձի փոխանակումը:
Շվեյցարիայի Համադաշնության նախագահը հետաքրքրվել է Վրաստանի կառավարության չորս կետից բաղկացած բարեփոխումների ծրագրի մասին: Իր հերթին Կվիրիկաշվիլին հույս է հայտնել, որ կրթական ոլորտի բարեփոխումների իրականացման գործում Շվեյցարիան կաջակցի Վրաստանին:
Կողմերը խոսել են նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունների մասին, քննարկել են Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում տիրող իրավիճակը:
Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի նախագահին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու և Ռուսաստանի հետ հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու համար:
Լուսանկարը՝ Վրաստանի վարչապետի ֆեյսբուքյան էջից