Մեկնարկել են Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան ավանի ներքին ճանապարհների նորոգման աշխատանքները:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է 2263 մետր երկարությամբ ճանապարհի նորոգում: Ամբողջովին կասֆալտապատվեն №52, №20, №8 փողոցները, ինչպես նաև №1 փողոցի մի մասը:
Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 396 343 լարի, որից 167 649 լարին տրամադրվել է շրջանային զարգացման ծրագրի, 142 812 լարին՝ Մառնեուլիի տեղական ինքնակառավարման բյուջեից:
Այս փուլում Շահումյանի ներքին ճանապարհները նախապատրաստվում են ասֆալտապատման:
Ճանապարհի նորոգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբեր ամսվա վերջում: Այս մասին հայտարարություն է տարածել Մառնեուլիի շրջանային վարչակազմը:
Հարկ է նշել, որ Շահումյանի ճանապարհները վերահսկվում են Վրաստանի ճանապարհային կենտրոնական վարչության կողմից:
Ընթացիկ տարվա ապրիլին Մառնեուլիի շրջանային խորհրդի ղեկավար, գամգեբելիի առաջին տեղակալ Զաուր Տաբատաձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում ընդգծել էր, որ ակտիվ համագործակցում են ճանապարհային կենտրոնական վարչության հետ և վստահեցրել, որ կենտրոնական ճանապարհները նույնպես կվերանորոգվեն ընթացիկ տարվա ընթացքում: