Ջավախքի մեդիա տարածքում իր պատվավոր տեղն է զբաղեցնում Նինոծմինդայի համայնքային ռադիո «Նոր»-ը: Այն հիմնադրվել եւ գործում է 2006 թվականից: 2014 թվականից «Նոր» ռադիոկայանը Նինոծմինդայի հանրությանը հասանելի է դարձել նաև FM տիրույթում` 100.1 հաճախականությամբ: Նինոծմինդայի եւ հարակից գյուղերի բնակիչների շրջանում «Նոր»-ը լայն ճանաչում ունի: Մարդիկ զանգահարում, երգեր են պատվիրում, տեղեկացնում և տեղեկանում են այս կամ այն իրադարձության ու գործընթացի մասին:
Կազմակերպության առաջնային նպատակը Նինոծմինդայի շրջանի բնակչությանը տեղեկացնելն է տարածքում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային գործընթացների վերաբերյալ: «Նոր»-ը շուտով կունենա իր սեփական ռադիոաշտարակը, որի շնորհիվ այն կկարողանա հասանելի լինել Ախալքալաքի եւ շրջանի գյուղերի մեծ մասի համար: Համացանցում «Նոր»-ին կարելի է գտնել nor.ge հասցեով:
Նինոծմինդայի համայնքային ռադիոն հեռարձակվում է ինչպես հայերեն այնպես էլ ռուսերեն լեզուներով, ծրագրեր է հեռարձակում նաեւ վրացալեզու գործընկերների միոցով` այս կերպ հասանելի դառնալով նաեւ շրջանի փոքրաթիվ վրացախոս համայնքի համար: Ընդամենը 3 գործող լրագրողի և մի քանի կամավորի ջանքերով բացի լրատվականից, «Նոր»-ը ունի նաև հեղինակային ծրագրեր: Դրանց թվում են «Ֆերմերի ժամ», «Էկոնոմ +», «Կնոջ ձայնը», «Իմ իրավունք» և այլ հաղորդումներ:
Ի դեպ, 2015 թվականի նոյեմբերի 1-ից, Ալիք մեդիան համագործակցում է «Նոր» ռադիոկայանի հետ: Այսպես, մեր ամենօրյա լրատվական փաթեթները «Նոր»-ի միջոցով հասնելի են դառնում Նինոծմինդայի հանրությանը, ովքեր այս կերպ հնարավորություն են ստանում ծանոթանալ Վրաստանում տեղի ունեցող ամենատարբեր գործընթացներին: