ՆԳՆ-ի Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնի աշխատակիցները Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում տեղի ունեցած սպանությունը բացահայտել են տաք հետքերով: Ձերբակալված է նույն գյուղի բնակիչ 1976 թվականին ծնված Գ.Մ.-ն, ում սպառնում է 7-15 տարի ազատազրկում:
«Ոստիկանության անցկացրած օպերատիվ և քննչական միջոցառումների արդյունքում պարզ է դարձել, որ օգոստոսի 10-ին Սաթխա գյուղի բնակիչ Գ.Մ.-ն իր տուն է հրավիրել Ա.Պ.-ին և Է.Ց.-ին, քիչ անց սեղանի են հրավիրել նաև Թբիլիսիից Է.Ց.-ին հյուր եկած ծանոթ անձանց՝ 1974 թ․ ծնված Պ.Մ.-ին և 1983 թ․ ծնված Ս.Պ.-ին: Մի քանի ժամ անց հյուրընկալողի և Պ.Մ.-ի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերաճել է ֆիզիկական առճակատման: Գ.Մ.-ն դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Պ.Մ.-ին և Ս.Պ.-ին, ովքեր տեղում մահացել են: Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության աշխատակիցները անցկացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանությունից մի քանի ժամ անց տաք հետքերով ձերբակալել են Գ.Մ.-ին»,-փոխանցում է ՆԳՆ-ն:
Դեպքի առնչությամբ հետաքննությունն ընթանում է քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, որը ենթադրում է կանխամտածված սպանություն:
Հավելենք՝ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքել է Սաթխայում երկու հայերի սպանության մասին լրատվամիջոցներում տարածված լուրը։
«Հայկական լրատվական դաշտում տեղեկատվություն է շրջանառվում, որ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Սաթխա գյուղում այսօր տեղի ունեցած միջադեպի արդյունքում սպանվածները ազգությամբ հայ են։ Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. սպանվածները ազգությամբ ռուս են»,-ասված է դեսպանատան հայտարարությունում։