Փողոցների նորոգումների հետ կապված՝ Պեկինի և Սաբուրթալո թաղամասի հարակից փողոցների հանրային տրանսպորտի երթևեկության սխեման փոփոխվել է: Արդեն տեղեկացրել ենք, որ 60 տարվա մեջ առաջին անգամ Թբիլիսիի ամենածանրաբեռնված փողոցներից մեկում՝ Պեկինի փողոցում լայնամասշտաբ շինաշխատանքներ են մեկնարկել: Նորացվում և փոխարինվում են ստորգետնյա անցումները, ճանապարհային ծածկերը:
Փողոցում երթևեկությունը երբեմն դադարեցվելու է: Քաղաքապետարանը խոստացել է, որ փողոցն ամբողջությամբ չի փակվի: Տեղական իշխանությունները և շինարարությունն իրականացնող՝ Black sea group ընկերությունը ծրագրում են աշխատանքն ավարտել սեպտեմբերին:
Նոր սխեմայով՝ այս ընթացքում նորոգվող փողոցներում երթևեկությունը միակողմանի կդառնա․
- Պեկինի փողոցում՝ Վաժա Պշավելա պողոտայից Մայիսի 26-ի հրապարակ
- Մայիսի 26-ի հրապարակից՝ Կոստավա և Շարտավա փողոցներով՝ Զուրաբ Ժվանիայի անվան հրապարակ
- Կանդելակիի փողոցից՝ Նուցուբիձե փողոցի ուղղությամբ
- Տաշքենդի փողոցից՝ Կազբեգի պողոտայից Կանդելակի ուղղությամբ
- Իոսեբիձե և Ցագերի փողոցներից՝ Պեկինի պողոտայից՝ Շարտավա փողոցի ուղղությամբ: