Վրաստանի դատախազության աշխատակիցները, ներքին գործերի նախարարության գլխավոր տեսչության դատարանի որոշման համաձայն, բռնության, պաշտոնական դիրքի չարաշահման համար ձերբակալել են ՆԳՆ Քվեմո Քարթլիի ոստիկանության Ռուսթավի քաղաքի բաժանմունքի երկրորդ բաժնի տեսուչ-քննիչները Ի․Դ․ և Բ․Բ․-ին։
Վրաստանի դատախազության տեղեկատվության համաձայն՝ հետաքննությամբ պարզվել է, որ 2017 թ. նոյեմբերի 12-ին քաղաքացի Ռ․Ղ․-ն ընկերների հետ եղել է Ռուսթավիի Մայակովսկի փողոցում գտնվող խանութներից մեկի մոտակայքում, այդ ժամանակ նրանց են մոտեցել Քվեմո Քարթլիի ոստիկանության Ռուսթավի քաղաքի բաժանմունքի երկրորդ բաժնի տեսուչ-քննիչները Ի․Դ․ և Բ․Բ․ ու խնդրել, որպեսզի վերոնշյալ անձինք լքեն տարածքը։ Ռ․Ղ․-ն հարցրել է, թե ինչ պատճառով իրենք պետք է լքեն տարածքը, ինչից հետո ոստիկանները բարկացել են, վիրավորել քաղաքացիներին և հրահանգել՝ իրենց հետ բաժին տեղափոխվել։ Ռ․Ղ․-ն վախենալով փախուստի է դիմել, ոստիկանության աշխատակից Բ․Բ․-ն հրազենով երեք անգամ կրակել է, այնուհետև հարձակվել Ռ․Ղ․-ի վրա։
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է իրականացվում Վրաստանի Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասի բ կետով, ինչը ենթադրում է պաշտոնական դիրքի չարաշահման համար 5-8 տարի ազատազրկում և մինչև երեք տարի պաշտոնից հեռացում։