Վրաստանի հոգևոր պատվիրակության բրյուսելյան այցից հետո պատրիարքարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ իրենք մինչ այս սխալ պատկերացում են ունեցել ՆԱՏՕ-ի և Եվրամիության վերաբերյալ: Ասվում է նաև, որ Վրաստանյան ուղղափառ եկեղեցու մասին նույն սխալ տպավորությունն են ունեցել նաև եվրոպական և եվրաատլանտյան կառույցներում: Պատիրարքարանի ներկայացուցիչները Բրյուսելից վերադարձել են նոյեմբերի 12-ին: Սա առաջին պաշտոնական այցն էր, կրում էր ճանաչողական բնույթ, ըստ Պատրիարաքարանի` անցել է բարձր մակարդակով: Հաղրդագրության մեջ խոսվում է նաև դպրոցներում կրոնի դասավանդման թեմայի մասին: Պատրիարքարանը հիշեցնում է, որ հանրակրթական դպրոցներում կրոնի առարկան հանվել է իբր ելնելով արևմտամետ քաղաքականությունից: Այն ժամանակ, երբ ԵՄ երկրներում այդ առարկան ներառված էր դպրոցական կրթական համակարգում` տարբեր ձևերով` ելնելով տվյալ երկրի բնակչության շրջանում արված հարցումների: Բրյուսելի հանդիպման ընթացքում քննարկված թեմաներից է նաև կնոջ և տղամարդու միության հարցը հստակեցնելը: Պատրիարքարանը հայտնում է, որ համապատասխան կետը Սահմանադրություն մտցնելը չի կարող խանգարել եվրաինտեգրման գործընթացին, ինչպես վստահեցնում են նախաձեռնության մի շարք քննադատներ: Ընդ որում ոչ մի պաշտոնական փաստաթղթում բանավոր կամ գրավոր խորհրդատվության մեջ չի նշվում միասեռ ամուսնությունները ողջունելու մասին, իսկ ԵՄ որոշ երկրներում ընտանիքը հստակեցված է որպես կնոջ և տղամարդու միություն, այսինքն սա Եվրամիության կառույցների համար միանգամայն ընդունելի է:
Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում հոգևոր առաջնորդների տեսակետը սա է` որոշողը ժողովուրդն է: Եկեղեցին հարգում է ժողովրդի կամքը և գտնում է, որ կարևորը Վրաստանի անկախ լինելն է, տարածքային ամբողջականության վերականգնումը, իսկ երկրի զարգացումը տեղի ունենա ավանդական արժեքները հաշվի առնելով: Տարբեր հանդիպումների առանցքային թեման եղել է եվրաինտեգրումը և Վրաստանի ու Եվրամիության ընդհանուր արժեքները:
Այցը կազմակերպվել է Վրաստան-ԵՄ համատեղ ծրագրի շրջանակում, որն իրականանում է Զարգացման և ժողովրդավարության կենտրոնի (CDD) կողմից` ՆԱՏՕ-ի և Վրաստանում ԵՄ տեղեկատվական կենտրոնի, Եվրաինտեգրման հարցերով նախարարության, Վրաստանի պատրիարքարանի հետ համատեղ, Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ: Հիմնական նպատակը Վրաստանի հոգևոր ներկայացուցիչներին ներգրավել երկրի եվրաատլանտյան ինտեգրման բոլոր գործընթացներում: