Հրապարակվել են 2016 թվականի հոկտեմբերի 8-ին կայացած Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները՝ հենվելով երկրի 60% ընտրատեղամասերից ստացված արդյունքների վրա։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայն, ընտրություններին մասնակցած քաղաքացիների 49%-ը քվեարկել է իշխող Վրացական երազանք կուսակցության համար։
Միեւնույն տվյալներով հիմնական ընդդիմադիր Միացյալ ազգային շարժումը ստացել է շուրջ 27 տոկոսի վստահության քվե՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Երրորդ տեղում է Պատրիոտների ալյանս դաշինքը, որը նախնական տվյալներով 0,1 տոկոսի կարիք ունի 5%-ի շեմը հաղթահարելու համար։ Վերջնահաշվարկի արդյունքում խորհրդարանում հայտվելու հնարավորություն կարող է ունենալ նաեւ Իրակլի Ալասանիայի Ազատ դեմոկրատներ կուսակցությունը, որը այս պահին ունի ձայների 4,13 տոկոսը։
Վերը նշվածներին հաջորդում է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի Ժողովրդավարական շարժումը՝ 3,36 եւ օպերային երգիչ Պաատա Բուրճուլաձեի ղեկավարած քաղաքական կառույցը՝ 3,6 տոկոսով։ Աշխատավորների կուսակցությունը ստացել է 3 տոկոս, իսկ մինչ այս իշխանությունում գտնվող Հանրապետականները ստացել են ձայների ընդամենը 1,48%-ը։ Ընտրություններին մասնակցած մյուս 17 կուսակցությունները եւ դաշինքները միասին 3 տոկոսից պակաս ձայն ունեն։
Եթե այս նախնական տվյալները փոքր տարբերություններով արտացոլված լինեն նաեւ վերջնական տվյալներում, սա կնշանակի, որ խորհրդարանում համամասնական ընտրակարգով նախատեսված 77 պատգամավորական մանդատները կկիսվեն երկու կուսակցությունների՝ Վրացական երազանքի եւ Միացյալ ազգային շարժման միջեւ։ 150 անդամ ունեցող խարհրդարանի մեծամասնական ընտրակարգով 73 պատգամավորների վերաբերյալ վերջնական արդյունքների հրապարակումից հետո պարզ կդառնա Վրաստանի օրենսդիրի հիմնական պատկերը։