«Այս հարցումներում արձանագրվել է, որ ժողովուրդը կողմ է նախագահի ուղիղ ընտրակարգին»,- անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցումներին, ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին։
Հարցումների համաձայն՝ Վրաստանի քաղաքական գործիչների վարկանիշի առաջատարը նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին է։ Նրան հաջորդում է Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն, այնհուտեև՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Մենք ուշադրությամբ ենք հետևում նման հարցումներին: Մեզ, անշուշտ, հետաքրքրում է վրաց հասարակության կարծիքը: Ուրախ եմ, որ հանրությունը հաստատակամորեն է արտահայտել իր տեսակետը: Ժողովրդի շահերից է բխում պահպանել երկրի ղեկավարին ուղիղ ընտրելու ավանդույթը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Հիշեցնենք՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցումների մի մասն արդեն հրապարակվել է:
«Որ քաղաքական ուժին ձայն կտաք, եթե հենց վաղը լինեն ընտրությունները» հարցին 26 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկի իշխող «Վրացական երազանք»-ի օգտին։ Հարցվածների 15 տոկոսը աջակցում է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնադրած, այսօր հիմնական ընդդիմադիր ուժ համարվող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը, միայն 7 տոկոսն իր ձայնը կտա «Եվրոպական Վրաստան»-ին (որը հիմնել են «ՄԱՇ»-ից հեռացած գործիչները)։
Հարցման վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 3-ին: