Ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովի ցուցաբերած աջակցությունը Վրաստանի համար վիզայի ազատականացման հարցում: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Եվրոպայի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Եվրամիության հանձնակատար Յոհաննես Հանը: Նա նաև նշել է, որ սա Վրաստանի քաղաքացիների համար լավ նոր տարի է լինելու:
Այսօր՝ հունվարի 12-ին, Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի հանձնաժողովն (LIBE) իր աջակցությունն է հայտնել Վրաստանին` վիզայի ազատականացման հարցում:
Քվեարկությանը մասնակցել է 45 պատգամավոր, որոնցից 42-ը աջակցել են Վրաստանի` դեպի Եվրոպա մուտքի ազտականացման նախագծին, 2-ը` դեմ են քվեարկել, 1 պատգամավոր` ձեռնպահ:
Ինչ վերաբերում է լիագումար նիստի քվեարկությանը, այն տեղի կունենա փետրվար ամսին: