Մտածելակերպի Կովկասի «գերուհիները»…

Ալիք մեդիան վերահրապարակում է  epress.am -ի հոդվածը:  Հոդվածը պատրաստվել է «Հարավային Կովկասի արգելված թեմաներ» նախագծի շրջանակում: 

Հեղինակներ՝ Գյունել Մովլուդ (Ադրբեջան), Էդիտա Բադասյան (Վրաստան), Գայանե Մկրտչյան (Հայաստան)

Tematicheskoe Foto (5)Երբ փողոցում տեսնում ենք այլանդակված դեմքերով, կապտուկներով, այտուցված շրթունքներով, ոտքերով ու ձեռքերով, մանուշակագույն բծերով «զարդարված» կանանց` հավանաբար, մեզնից շատերը ցանկանում են մոտենալ և հարցնել, թե ինչ է պատահել, զրուցել, ինչ-որ կերպ օգնել… Մեզ հետաքրքրում է` ո՞վ է դա արել: Նրա հետ գնացող մա՞րդը, ով բռնել է նրա ձեռքը, իսկ գուցե հա՞յրը, ում տանը նա ապրում է: Կամ էլ` եղբա՞յրը, մա՞յրը, քեռի՞ն… Եվ, չգիտես ինչու, չես ուզում մեղավորներ փնտրել նրան օտար մարդկանց շրջանում… Ինչո՞ւ:

Ընտանեկան բռնության թեման Հարավային Կովկասում դասվում է արգելված թեմաների շարքին: Երբ սկսեցինք աշխատել այս հոդվածի վրա, հերոսներ գտնելու համար դիմեցինք «Ֆեյսբուքի» տարբեր խմբերի: Զանգահարեցինք ընկերներին: Փնտրեցինք բարեկամների շրջանում: Եվ մեզ հավաքեցինք բազամթիվ պատմություններ այն մասին, թե ինչպես են կանայք տանջվել ու շարունակում են տանջվել: Դրանք թե՛ դեռ երիտասարդ աղջիկներ էին, թե՛ հասուն կանայք, թե՛ տնային տնտեսուհիներ, թե՛ աշխատող կանայք` բոլոր երեք երկրների տարբեր քաղաքներից, տարբեր ազգությունների:  Ցավում ենք, որ չենք կարող պատմել նրանցից յուրաքանչյուրի պատմությունը:

աԻրինան (անունը փոխված է) Թբիլիսիից է: 45 տարեկան է: Մեղմ ժպիտ, բաց ալիքաձև մազեր և խիստ տխուր աչքեր: Արժանապատիվ ապրելու համար նա մաքրություն է անում է մի քանի օֆիսներում: Մի փոքր ամաչելով`Իրինան պատմում է իր պատմությունը: 17 տարեկանում նա հանդիպում էր մի երիտասարդի․ «18 տարեկանում նա ինձ բռնաբարեց: Կապեց ձեռքերս, ծեծեց գրտնակով, ճղեց վրայիս խալաթը: Ես նույնիսկ վախեցա այս մասին մորս պատմել, որովհետև գիտեի` կասեին`դո´ւ ես մեղավոր: Նա դեռ ինձ մի բան էլ վախեցրեց, թե բոլորին կասի, որ ես հիմա կույս չեմ»:

Իրինան ասում է, որ չնայած այս ամենին` ինքը սիրում էր նրան․ «Մենք ամուսնացանք, և նա շարունակում էր ինձ ծեծել: Սկսեց թմրամիջոցներ օգտագործել, իսկ երբ դրանք չէր գտնում, պառկում էր լոմկայի մեջ, կոկորդիցս բռնած կրկնում էր. «Եթե ես մեռնեմ, դու էլ իմ հետ պիտի մեռնես»: Մի անգամ թմրամիջոցների ազդեցությամբ քիչ էր մնում ինձ տանիքից ցած գցեր»: Հայաստանից Հասմիկ Խաչատրյանը 30 տարեկան է, երկու երեխաների մայր: Հասմիկն ինը տարի բռնությունների է ենթարկվել: «Ինը տարի ամուսինս ինձ ծեծում էր: Ծեծում էր ամեն ինչի համար: Երբ ասում էի, որ կհեռանամ, պատասխանում էր. «Բաժանվես՝ էրեխեքին չես տենա, որ խփեմ, մեռնես էլ, մեկ ա` պարանը կապելու եմ վիզդ, ասեմ` հոգեկան էր, իրան կախեց…»

Մախլուգա Կազիմովան (անունը փոխված է) Բաքվից է: Բարձրահասակ է, սլացիկ, երկար, սև մազերով: Նա միանգամից տպավորություն է գործում զրուցակցի վրա: Մախլուգան դառնությամբ ասում է. «Էս տպավորությունն էլ փչացրեց իմ բախտը»: Մախլուգան երեք անգամ է ամուսնացել: Եվ ամեն անգամ բաժանվել է խանդոտ ամուսինների և նրանց բարեկամների ծեծի, նվաստացումների պատճառով. «Առաջին ամուսինս ինքը չէր ծեծում: Ծեծում էին նրա մայրը, մորքուրներն ու տատը: Իսկ նա ոչ մի անգամ ինձ չէր պաշտպանում: Իրեն էնպես էր պահում, կարծես, չի նկատում կապտուկները, դեմքիս, մարմնիս վրայի սպիները: Նրա բարեկամները ինձ ծեծում էին տարբեր պատճառներով: Հիմնականն էն էր, որ մայրս «չափից ավելի ժամանակակից է հագնվում»: Նրանք ասում էին, թե իմ բոլոր բարեկամները պոռնիկ են: Ու ես էլ, իհարկե, էդպիսին կլինեմ: Երկրորդ ամուսինս ինքն էր ծեծում ու շատ դաժանաբար: Նա ղարաբաղյան պատերազմի մասնակից էր, նրան շրջապատում հարգում էին: Բայց պատերազմը նրան շատ դաժան ու ագրեսիվ էր դարձրել: Երրորդ ամուսինս ծեծում էր համարյա ամեն օր»:

Այս պատմությունները լսելով` մտածում ես. ինչո՞ւ են նման պատմությունները շատացել: Թե՞ դրանք 20-30 տարի առաջ էլ շատ էին, պարզապես մենք տեղյակ չէինք: Գուցե Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ վերացավ տնտեսական ապահովությունը, աճեց գործազրկությունը, կանայք, կորցնելով «աշխատող խորհրդային կնոջ» կարգավիճակը և որոշ տնտեսական անկախություն, կախվածության մեջ ընկան իրենց ամուսիններից` նրանց մեջ տեսնելով ընտանիքների միակ կերակրողի՞: Դիտարկենք, թե որքանով լուրջ է իրավիճակը:

Վիճակագրություն

Վրաստանի ՆԳՆ տվյալներով` 2014-ի ընթացքում ընտանեկան բռնության ենթարկված կին զոհերի թիվը 742 էր:  Պետական վիճակագրական կոմիտեի հաշվարկներով` Ադրբեջանում նույն` 2014 թվականին այդ թիվը հասել է 721-ի (դեպքեր, երբ հարուցվել են քրեական գործեր): Նույն թվականին Բաքվում ելույթ ունենալով ընտանեկան բռնության դեմ պայքարին նվիրված միջազգային համաժողովում` Ադրբեջանի փոխվարչապետ Էլչին Էֆենդիևը ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչների ներկայությամբ հայտարարել է, որ 2014 թ. արձանագրվել է ընտանեկան բռնության 2134 դեպք:

Հայաստանում 2015 թ. ընթացքում ոստիկանությունում գրանցվել է ընտանեկան բռնության 857 դեպք: Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի տվյալների՝ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերով «թեժ գծին» կատարված ահազանգերի թիվը վերջին 3 տարիների ընթացքում կազմել է 5500, որից շուրջ 2000-ը գրանցվել են 2015-ին: Իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում միայն «Կանանց աջակցման կենտրոնի» թեժ գծով գրանցվել է ընտանեկան բռնության 513 ահազանգ:

Միայն վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանում ընտանեկան բռնության հետևանքով գրանցվել է 30 մահվան դեպք: Ադրբեջանում ՆԳՆ տվյալներով միայն 2014 թ. ընթացքում ընտանեկան բռնության զոհ է դարձել 21 կին: Վրաստանում այդ թիվը 2014-ին հասել է 34-ի (Վրաստանի ՆԳՆ):

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ տնօրեն Մարո Մաթոսյանը տխրությամբ նշում է. «Մեր շահառուները 15-20 տարի ապրել են բռնության մեջ: Այդ բռնությունը ոչ մի զսպանակ չունի, բռնություններն աճում են սնկի նման: Ու մենք այսօր ունենք տխուր իրավիճակ…»

Վրաստանում և Ադրբեջանում օրենք կա, իսկ Հայաստանում` ո՞չ

աաԹեև բոլոր երեք երկրներում գործում են տարբեր օրենքներ, սակայն դրանք բոլորն արգելում են ընտանիքի անդամներին, ինչպես նաև կողմնակի անձանց, թեթև կամ ծանր մարմնական վնասվածքներ հասցնել, ինքնասպանության հասցնել, ծաղրել և նվաստացնել ընտանիքի անդամի արժանապատվությունը անկախ սեռային պատկանելությունից: Իսկ ահա հատուկ օրենքներ…  Ադրբեջանում «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքն ընդունվել է 2010 թվականին: Այն նախատեսում է քրեական գործի հարուցում բռնություն գործած անձի նկատմամբ, ինչպես նաև տուժածներին ժամանակավոր ֆինանսական, հոգեբանական և իրավաբանական օգնության տրամադրում:

Հայաստանը մինչ օրս չունի կոնկրետ օրենքընտանեկան բռնության մասին: 2013 թվականին հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ մշակվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծ, որը ներկայացվել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը: Սակայն մինչ օրս որևէ առաջընթաց չի գրանցվել: Այս պահին օրինագծի քննարկումը իր վրա է վերցրել ՀՀ արդարադատության նախարարությունը: Ընտանեկան բռնության դեպքերը կարգավորվում են ՀՀ քրեական օրենսգրքով:

Ընտանեկան բռնության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունները պահանջում են ընտանեկան բռնության դեմ օրենսդրական ակտի ընդունում: Նրանք համոզված են, որ այս ոլորտը պետք է կարգավորվի հատուկ օրենքով, քանի որ մինչ այժմ առկա գործիքակազմը բավարար չէ մեղավորներին պատժելու և բռնությունը կանխարգելելու համար:

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում նախատեսված են ընտանեկան բռնությունը կանխարգելող հատուկ միջոցներ և սահմանափակումներ, որպեսզի բռնության ենթարկված անձը համարժեք պաշպանություն ստանա, և ապահովվի նրա անվտանգությունը», – ասում է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ղեկավար Լարա Ահարոնյանը:

galstyanՓաստաբան Նոնա Գալստյանի կարծիքով էլ` օրենքի առկայության դեպքում հարցերն առավել դյուրին և հստակ կարգավորումներ կստանային, և դաշտը իրավակարգավորումից դուրս չէր մնա: «Առավել կարևոր հանգամանքը սակայն այն է, որ օրենքը կունենա կանխարգելիչ նշանակություն և ոչ թե պատժիչ»,- ասում է Գալստյանը:

Եվ ամոթ է, և տխուր, ու չկա՞ մեկը, ում ձեռք կպարզես

Որքանո՞վ են ընտանեկան բռնության զոհերն իրազեկ իրենց իրավունքների մասին: Արդյոք տեղյակ են, որ ոստիկանությունն ու դատարանը պարտավոր են պաշտպանել նրանց: Արդյոք գիտեն, որ ծեծը, նվաստացումն անօրինական են, արդյոք գիտեն, որ իրենց ընտանիքի անդամներն իրավունք չունեն իրենց ծեծելու և ստորացնելու, տնօրինելու իրենց գործողությունները, ճակատագրերը:

«Ես այս մասին չէի կարող նույնիսկ ծնողներիս պատմել և, ընդհանրապես, ոչ մեկին չէի պատմում, որովհետև ամոթ էր: Հասկանում էի, որ էդ անօրինական է, բայց ո՞նց և ո՞ւմ բողոքես»,- արցունքն աչքերին պատմում է Իրինան:

Մախլուգան ասում է, որ հիանալի գիտեր, որ ծեծն անօրինական է, և եթե դիմեր ոստիկանություն, իր նախկին ամուսինների և ազգականների դեմ քրեական գործ կհարուցվեր. «Բայց մտքիս ծայրով անգամ չէր անցնում ոստիկանությունում նրանց դեմ բողոքել: Բարեկամությունն ի՞նչ կասեր: Գործ տալ ամուսնու՞, հարազատների՞ վրա: Ախր, էդ ամոթ է…»

Իրինան ամուսնու հետ ընդհանուր առմամբ ապրել է չորս տարի: Ապա ամուսինը Ռուսաստան է մեկնել փող աշխատելու, հետո` անհետացել: Նրա ընկերը եկել էր ու ասել, թե ամուսինը մեռել է: Այն ժամանակ Իրինան դա շատ ծանր էր տարել:

«Երեք տարի լացում էի, առողջությունս քայքայեցի, ուշադրություն չէի դարձնում էրեխիս, էնքան էի խղճում ամուսնուս… Նա առանց ծնողների է մեծացել, գիտեմ, որ ծանր մանկություն է ունեցել: Դրա համար էլ հասկանում էի, թե ինչու է էդպիսին դարձել: Նա ինձ ամեն օր էր ծեծում, բայց ես իսկի չէի գոռում, դրա համար էլ ոչ ոք էդ մասին չգիտեր…»

Հասմիկ Խաչատրյանը, ով կոտրել է իր մեջ այս կարծրատիպը, ասում է. «Քեզ վիրավորում են, ստորացնում, ցավացնում, իսկ դու ինքդ քեզ համոզում ես, որ չես կարող ապրել առանց տղամարդու, ու եթե դուրս գաս էս տնից, կկորես: Շատ եմ լսել բռնության ենթարկված կանանցից մեղքի զգացման մասին: Ես էլ եմ էդ զգացումն ունեցել: Կանայք ասում են` նրանք մեր էրեխեքի հայր են, ո՞նց նրանց պատասխանատվության ենթարկես: Ո՞նց նրանցից բաժանվես ու մենակ թողնես»:

Մարո Մաթոսյանը կարծում է, որ հարավկովկասյան երկրները դեռ ապրում են նահապետական հասարակության կանոններով, որտեղ տղամարդն է որոշողը, թելադրողը, իշխողը:

«Թեև կանայք երբեմն նաև դիմում են ոստիկանություն, սակայն վախենում են իրենց ամուսինների դեմ բողոք ներկայացնելուց: Իսկ զանգահարելով կազմակերպությունների «թեժ գծերին»՝ պատմում են իրենց հետ կատարվածը, սակայն հրաժարվում են գնալ նրանց մոտ, ովքեր կկարողանան իրենց օգնել…»

Հոգեբանի կարծիքով` ամենամեծ խնդիրը ամոթն է, որ զգում է կին-զոհերի մեծ մասը: «Նրանք ամաչում, վախենում են «բաժանված կին» արտահայտությունից: Ամաչում են բողոքել ամուսնուց, ընտանիքի անդամից…»- ասում է Մաթոսյանը:

Ինչ է պաշտպանում ոստիկանությունը. բարոյականությո՞ւնը, թե օրենքը

Հարավային Կովկասի երկրների պրակտիկան ցույց է տալիս. երբեմն նույնիսկ ոստիկանություն դիմելը քիչ բան է լուծում: Այս տարվա հուլիսի 14-ին Վրաստանում իրավապաշտպանները փողոց ելան այն բանից հետո, երբ մեկ շաբաթվա ընթացքում կենցաղային հողի վրա և խանդի պատճառով երկրում տեղի ունեցան կանանց մի քանի դաժան սպանություններ: Վրաստանի ՆԳՆ կենտրոնական շենքի առաջ անկախ «Կանանց շարժման» ներկայացուցիչների նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի մասնակիցներն իրենց զայրույթն արտահայտեցին իրավապահ մարմինների անգործության համար։ Շուրջ 20 ցուցարարներ ձեռքերին պահում էին «Ոստիկանությու´ն, արթնացի´ր» գրությամբ պաստառներ:

Մարիան (անունը փոխված է) 26 տարեկան է: Ակտիվ աղջիկ է, հասարակական գործիչ: Ամուսնացել է 18 տարեկանում` իրենից 10 տարով մեծ մարդու հետ: Ծնողները դեմ էին, կարծում էին, որ պետք է կյանքը դասավորել, այլ ոչ թե ընտանիք կազմել: Բայց, ընտանիքին չլսելով, Մարիան ինքնուրույն որոշում կայացրեց:

«Արդեն երկրորդ շաբաթը նա ինձ ծեծեց, որովհետև ես չհամաձայնվեցի տանը նստել և տնային տնտեսուհի դառնալ: Ես նրա հետ ապրեցի հինգուկես տարի, մշտական ծեծուջարդի, հայհոյանքի մեջ»,- պատմում է Մարիան:

Ծեծի վրա չէին կարողանում ազդել ո´չ ամուսնու հարազատները, որոնց հետ միասին էին ապրում, ո´չ հարևանները:

«Երկու տարի առաջ, երբ նա հերթական անգամ ինձ ծեծում էր, ես տնից փախա խալաթով ու տապոչկեքով, նա վազեց իմ հետևից: Հարևանները էդ տեսան, բայց ոչ ոք չմիջամտեց, ոչ ոք նույնիսկ ոստիկանություն չզանգեց: Նրանք համարում էին, որ էդ ընտանեկան խնդիր է, չարժի խառնվել: Իմ մեջքի վրա մեծ սպի կա. նա ինձ հրեց, ես գլխով խփեցի դռան կողափետին ու գիտակցությունս կորցրի»:

Մարիան կարողացել է ամուսնուց հեռանալ միայն երկու տարի առաջ. ամուսինը աշխատանքի բերումով գնացել էր արտասահման, իսկ կինը տեղափոխվեց իր ծնողների մոտ: Երկու տարվա ընթացքում նա զանգահարում էր կնոջը, սպառնում: Իսկ մեկ ամիս առաջ վերադարձել և սկսել է տեռորի ենթարկել Մարիային:

«Մշտապես ինձ հետևում է: Վերջերս ասեց` նստի մեքենան, խոսելու բան կա, իսկ հետո վթար սարքեց` ասելով` մենք միասին ենք մեռնելու: Դիմել եմ ոստիկանություն, պատմել նրանց, ներկայացրել եմ հեռախոսազրույցների ձայնագրությունները, որտեղ նա ինձ սպառնում է: Ոստիկանությունում ինձ պատասխանեցին` էդ ձեր ընտանեկան գործն է, բայց եթե ուզում եք` կարող ենք օրդեր տալ»:

Հասմիկ Խաչատրյանը հիշում է ոստիկանների` իրեն տված խորհուրդները. «Բաժանվում ես` ի՞նչ անես, հենա բաժանվածներն ավանդական անբարոյականությամբ են զբաղվում կամ էլ ռեստորաններում մատուցող են աշխատում»: Այսպիսին էր պատասխանը, երբ Հասմիկը, իր մեջ ուժ գտնելով, ամուսնու դեմ բողոք ներկայացրեց իրավապահ մարմիններին:

«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանի դիտարկմամբ` ոստիկանությունն իր ծառայությունն ընդամենը հարմարեցնում է տղամարդկանց կարծրատիպերին: «Նրանք առաջարկում են ապրել մի ընտանիքում, որտեղ քեզ ծեծում և նվաստացնում են: Իսկ արդյոք դա անբարոյականությու՞ն չէ: Իրավունքները պաշտպանելու փոխարեն ոստիկանը միայն խորհուրդներ է տալիս»,- ասում է Ալեքսանյանը:

Ադրբեջանում ոստիկանությունը «կարգավորող խաղաղ» զրույցներ է վարում` բացառապես պարտքի զգացումից մղված: Քանի որ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքում ամրագրված է, որ համապատասխան մարմինները պետք է զրույցներ վարեն և փորձեն ընտանիքում խաղաղություն հաստատել»,- ասում է իրավաբան Ֆարիզ Նամազլին:

«Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության իրավաբան Նոնա Գալստանն իր հերթին նշում է, որ ոստիկաններն այդ գործերի նկատմամբ անտարբերություն ցուցաբերում․ «Եվ նույնիսկ մասնակիորեն թեքվում են բռնարարի կողմը՝ հիմնավորելով, որ ընտանեկան կռիվներն ընտանիքի գործն են, և չարժի դրա համար նման իրավիճակ ստեղծել: Պարզապես պետք է տուն գնան և իրենք լուծեն գժտությունը»:

Nino Chikhladze_1
Նինո Չիխլաձե

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչ Նինո Չիխլաձեն շուրջ տասը տարի աշխատում է ընտանեկան բռնության թեմայի վրա: Նրա խոսքով` իհարկե, կարևոր է օրենսդրական բազայի գոյությունը, սակայն «2014-ին կատարված 34 սպանությունների մի քանի զոհեր մի քանի անգամ դիմել են իրավապահ մարմիններին, սակայն ճիշտ արձագանք չի եղել»:

Գոյություն ունի նաև հակառակ տեսակետը: Ադրբեջանում ընտանեկան բռնության զոհերի մեծ մասը, ովքեր օգնության համար դիմել են «Մաքուր աշխարհ» կազմակերպությանը, խոստովանել են, որ 1 02 ծառայությունը (ոստիկանություն) արդեն անհապաղ արձագանքում է: Կազմակերպության տնօրեն Մեհրիբան Զեյնալովան հաստատում է, որ ինքն ականատես է եղել, թե ոստիկանությունն ինչպես է արդյունավետ միջամտել. «Ես բազմիցս վկա եմ եղել ոստիկանության արագ արձագանքին: Դե, նրանք հաշտեցման զրույցներ էլ են վարում…»

Ոճիրը կա, իսկ պատի՞ժը

2014-ին Հայաստանը ցնցեց 20-ամյա Մարիամ Գևորգյանի պատմությունը: Մարիամի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, և որդին` Դավիթ Զիրոյանը, Մարիամին դաժան խոշտանգումների էին ենթարկել: Սկեսուրն արդուկով այրել էր նրա մեջքն ու կրծքերը, պատառաքաղով ծակծկել մարմինը, ստիպել ուտել իր հետ տված մաղձը…

Այն բանից հետո, երբ Մարիամը փախավ տնից և դատարան բողոք ներկայացրեց, սկեսուրը 3 տարվա ազատազրկման դատապարտվեց ՀՀ քր.օր.-ի 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը) և 119-րդ (Խոշտանգումը) հոդվածներով, իսկ ամուսինը՝ դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակվեց:

Իսկ Հասմիկ Խաչատրյանի ամուսնուն` Սարգիս Հակոբյանին, ով ինը տարի ծեծել կնոջը, դատարանը դատապարտեց 1,5 տարվա ազատազրկման: Նրան նույնպես համաներմամբ դատարանի դահլիճից ազատ արձակեցին: Իր կնոջը ծեծած ու ստորացրած մարդը, այդպես էլ չպատժվեց, ազատությունից մեկ օրով իսկ չզրկվեց:

Ներկայացված խոշտանգման մեղադրանքը ՝ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը վերաորակվեց 117-րդի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս հասցնելը): Մինչդեռ դատաբժշկական փորձաքննությունն ապացուցել էր, որ ամուսնու հարվածից Հասմիկի ականջի թմբկաթաղանթը պատռվել էր, որ Սարգիսը ծխախոտով այրել էր նրա ձեռքը, կոտրել քիթը, ձեռքով ու ոտքով պարբերաբար հարվածներ հասցրել գլխին:

Համանման դեպք էլ բոլորովին վերջերս տեղի է ունեցել Ադրբեջանում: Գուտամա Ռուկիևայի ամուսնու ընտանիքը և հենց ամուսինը նրան ծեծել են ութ ամիս շարունակ, հասցրել բազմաթիվ մարմնական վնասվածքներ և ծաղրել նրան: Դատարանը Գուտամայի ամուսնուն` Աֆիյադդին Մալիքովին, դատապարտեց 4 տարվա ազատազրկման, իսկ ութ ամիս շարունակ կնոջը ծեծի ենթարկած սկեսրոջն ու սկեսրայրին` 2 տարվա պայմանական ազատազրկման:

Նինո Չիխլաձեն համակարծիք է, որ երբեմն բռնարարներն արժանի պատիժ չեն ստանում: «Մենք դիտարկել ենք 2014 թվականի ընթացքում Վրաստանում սպանությունների գործով դատավարությունները, և կարող եմ ասել, որ մարդասպաններին նշանակած պատիժը չի համապատասխանում նրանց գործած արարքի ծանրությանը: Իսկ մեկին էլ դատարանը նշանակել էր 2000 լարի (մոտ 407 հազար դրամ) տուգանք ինքնասպանության հասցնելու համար»,- ասում է Չիխլաձեն: Փորձագետի խոսքով` օրենսդրությամբ նախատեսվում է նաև զոհին դրամական փոխհատուցման տրամադրում, սակայն չի ճշտվում, թե դա ինչ գումար է, ով և որ մարմինը պետք է դա վճարի:

Իրավաբանները նշում են, որ եթե նույնիսկ գործը բարեհաջող ավարտ է ունենում և դատարան հասնում, ապա այնտեղ նորից հանդիպում են սխալ իրավական մոտեցումների: Նրանց դիտարկմամբ` ընտանեկան բռնություններին վերաբերող դատական գործերը ցույց են տալիս, որ, օրինակ, Հայաստանի դատական համակարգում ծեծն ու նվաստացումը լուրջ հանցագործություն չեն համարվում: Դատավորները գործում են այնպես, ինչպես ընկալում են կյանքը: Ի՞նչ է ընտանեկան բռնությունը: Նրանց կարծիքով` ընտանիքում ծագող հարցերը և գժտությունները, տարաձայնությունները և մյուս խնդիրները պետք է լուծեն հենց իրենք` ամուսինն ու կինը, և որ ո´չ ոստիկանությունը, ո´չ դատարանը, ո´չ էլ մեկ ուրիշը իրավունք չունեն խառնվելու ընտանեկան գործերին:

Մարո Մաթոսյանը նշում է այն մի քանի պատճառները, որոնց հիման վրա դատարանները կողմնակալ որոշումներ են կայացնում. «Առաջին` դատավորները վերապատրաստված չեն ընտանեկան բռնության հարցերում: Երկրորդ՝ ահավոր ճնշումներ ու կաշառքներ են պտտվում, ծանոթ-բարեկամով ծածկում են խնդիրը: Մենք ապրում ենք նահապետական հասարակությունում, տղամարդիկ իրենց հարցերը լուծում են փողով, ծանոթով և ուժով: Հիշում եք`Մարիամ Գևորգյանի ամուսինը դատարանում բարձրաձայն ասում էր` էս 2000 դոլարի գործ է, ես էս հարցը կլուծեմ»,- ասում է Մաթոսյանը։

Մտածելակերպի «դեմքերը» կամ «դո´ւ ես մեղավոր» մանտրան

Երբ ամուսինը ծեծում է, կովկասյան ավանդույթներով դաստիարակված կանանց մտքով առաջինն անցնում է ծնողական տունը և մեծերի պաշտպանությունը: Սակայն ծնողները հազվադեպ են գրկաբաց ընդունում տուն վերադարձած աղջկան:

Հասմիկի մայրը՝ Ռիմա Խաչատրյանը, խոստովանում է. ամեն անգամ Հասմիկին ծեծված ու ջարդված ընդունելուց հետո՝ նորից հետ են ուղարկել ամուսնու տուն, քանի որ ամաչել են համագյուղացիներից: «Ուրիշների կարծիքները մեզ վրա ազդում էին, պատվի հարց էր նաև»,- արցունքներն աչքերին պատմում է Ռիմա Խաչատրյանը:

Իրինան ընդհանրապես չի գանգատվել ծնողներին. «Գիտեի, որ կասեն` դու´ ես մեղավոր: Մայրս էլ է ինձ փոքր ժամանակ ծեծել, նրա համար դա նորմալ է…»

Իսկ Մախլուգային այդ մասին եղբայրներն են ասել. «Ամեն անգամ, երբ նրանք ինձ տեսնում էին դեմքիս կապտուկներով, ասում էին. դու´ ես մարդուն հասցրել դրան: Էդպես ո՞նց կլինի: Առաջինը վատն էր, երկրորդը վատն էր, երրորդը վատն է… Ուրեմն խնդիրը քո մեջ է: Դու ես հասցնում էն վիճակին, որ քեզ ծեծեն: Հերս ու ախպերներս միշտ իմ ամուսինների կողմից էին: Ասում էին` հետո ինչ, մենք էլ ենք ծեծում մեր կնիկներին: Բա նրանք ինչի՞ չեն բաժանվում»:

Վրաստանում «Բռնությունից պաշտպանության ազգային ցանց» ոչ կառավարական կազմակերպության նախագահ Նատո Շավլակաձեն, որը 2003 թվականից աշխատում է այս խնդրի վրա, մի հետաքրքիր դեպք է հիշում: Ընտանեկան բռնության դեմ օրինագծի վրա աշխատանքների ընթացքում ոչ կառավարական հատվածի ներկայացուցիչները հանդիպում էին բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Նրանք թերահավատորեն էին մեզ նայում, ասում, թե Վրաստանում այս խնդրին ոչ ոք չի միջամտելու: Իսկ մեկը նույնիսկ կատակով մի այսպիսի արտահայտություն արեց, որ մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ. «Կախեթում արևն էնպես մայր չի մտնի, եթե կախեթցին կնկան մի սիլա չհասցնի: Սա նրանց համար արդեն ոնց որ սովորություն լինի: Ու դուք ո՞նց եք պատրաստվում դրա դեմ պայքարել»: Բայց մենք կարողացանք նրանց համոզել, և նրանք նույնիսկ դարձան այս օրենքի լոբբիստները: Ահա թե ինչու շատ կարևոր է աշխատել մարդկանց գիտակցությունը բարձրացնելու վրա»,- պատմում է Շավլակաձեն:

Կանանց աջակցություն տրամադրող «Մաքուր աշխարհ» ՈԿԿ տնօրեն Մեհրիբան Զեյնալովան (Ադրբեջան) հաստատում է, որ կանանց ծեծին ու ստորացմանը նրանց ընտանիքներում նայում են որպես սովորական դեպքի.

«Մի անգամ մեզ էր դիմել երիտասարդ մի կին, նա տեղավորվեց մեր ապաստարանում, հարազատները քանի անգամ մեզ զանգահարում էին, պահանջում նրան վերադարձնել: Ասում էին, թե ամուսինը ոչնչում մեղավոր չէ, որ կինը զրպարտում է նրան, որ ամեն ինչում ինքն է մեղավոր: Այս բոլորն ասում էին այդ կնոջ հարազատները: Նախ` նրանք կնոջ ծեծը խնդիր չէին համարում, երկրորդ` նրանց համար ամոթ էր, որ իրենց աղջիկը որոշել էր հեռանալ ամուսնու տնից…»

«Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ վրացական հասարակության զգալի մասը ընտանեկան բռնությունը դեռևս համարում է ընտանիքի և նախևառաջ կնոջ համար խայտառակություն»,- ասում է Նատո Շավլակաձեն:

1997 թվականից այս թեմայով աշխատող «Սախլի» կանանց խորհրդատվական կենտրոն ՈԿԿ տնօրեն Ռուսուդան Պխակաձեի խոսքով` հասարակության մի մասն արդարացնում է բռնությունը: Եվ դա նույնպես մտածելակերպի հետևանք է. «Երբ զոհին չես կարողանում արդարացնել, փորձում ես արդարացում գտնել մեկ ուրիշ բանում: Դրա համար էլ մեղադրում են զոհին այն բանում, որ ինքն է մեղավոր: 2014 թվականից հետո սկսեցին ավելի շատ աշխատել զոհի պաշտպանության մեխանիզմների ուղղությամբ, օրինակներ են վերցնում զարգացած երկրներից, սակայն առայժմ ամեն ինչ ցուցադրական բնույթ ունի: Վրաստանում թղթի վրա ամեն ինչ կարծես թե կա, ջանում են այս ուղղությամբ ինչ-որ բան անել, այդուհանդերձ, զոհերը դեռ պաշտպանված չեն: Ակնառու օրինակ` օրենքը գործում է 2006 թվականից, բայց միայն 2016-ին են սկսել բռնարարների հետ աշխատել. սա արդեն ինչ-որ բան է ասում մեխանիզմների մասին»:

Պխակաձեի խոսքով` եթե ինչ-ինչ բռնի գործողությունների զոհ տղամարդն է դառնում, ոչ ոք երբեք չի ասում, որ նա դրան արժանի է: Սակայն երբ կինն է բռնության ենթարկվում, միշտ կգտնվի մեկը, ով կասի, որ կինն արժանի է: «Սրանք երկակի ստանդարտներ են, այնպես որ, դեռ վաղ է խոսել մեր երկրում գենդերային իրավահավասարության մասին»,- ամփոփում է հոգեբանը:

Ապաստարաններ զոհերի համար

Երբ հարազատները հրաժարվում են ընդունելուց և պաշտպանելուց, ընտանեկան բռնության զոհերին ոչինչ չի մնում, քան փրկություն փնտրել ապաստարաններում:

Հարավային Կովկասում ապաստարաններ (թեև դրանք ցավալիորեն քիչ են) այնուամենայնիվ կան: Վրաստանում բոլոր չորսը պետական ապաստարաններ են` Թբիլիսիում, Գորիում, Քութայիսում և Կախեթի տարածաշրջանում: Ապաստարաններ ունեն նաև ոչ կառավարական կազմակերպությունները:

Ադրբեջանում, թեև օրենքում նշվում է, որ ընտանեկան բռնության զոհերն իրավունք ունեն կացարան և հոգեբանական օգնություն ստանալ, սակայն հատուկ պետական ապաստարաններ գոյություն չունեն: «Մաքուր աշխարհի» տնօրեն Մեհրիբան Զեյնալովան զարմանքով ասում է. «Կան կացարաններ մարդկանց թրաֆիքինգի զոհերի համար, սահմանափակ հնարավորություններով երեխաների համար, սակայն ընտանեկան բռնության զոհերի համար`ոչ: Ընտանեկան բռնության զոհ կանանց համար կա միայն «Մաքուր աշխարհը»․․․

Հայաստանում «Կանանց աջակցման կենտրոնը» 2009 թվականից օգնում է ընտանեկան բռնության զոհերին: Կենտրոնը նաև հատուկ դասեր է կազմակերպում Երևանի քաղաքապետարանի սոցիալական աշխատողների շրջանում և Հայաստանի տարբեր մարզերի երիտասարդների հետ քննարկումներ է անցկացնում։ Նման դասերի և քննարկումների միջոցով՝ մարդկանց մոտ ձևավորվում է առողջ հարաբերությունների ընկալման զգացում, ինչպես նաև ցուցադրվում է հայ հասարակության նահապետական արժեքներից բխող կարծրատիպերի բացասական ազդեցությունը։

Nato Shavlakadze (3)
Նատո Շավլակաձե

Նատո Շավլակաձեն հիշում է, որ երբ ընտանեկան բռնության զոհ կանանց և երեխաների համար բացեցին առաջին ապաստարանը, շատերը նրանց համոզում էին, որ դա արգելված թեմա է, որ ապաստարան ոչ ոք չի գա: Սակայն միանգամից գտնվեցին կանայք, ովքեր օգնություն խնդրեցին. «Ընտանեկան բռնությունը չի ճանաչում ո´չ ազգություն, ո´չ սոցիալական ծագում, այն գոյություն ունի բոլոր երկրներում և, ցավոք, դեռ երկար կլինի: Պարզապես յուրաքանչյուր երկրում դրա ծավալները և արձագանքման միջոցները տարբեր են…»

Կանանց աջակցության «Մաքուր աշխարհ» կազմակերպության տնօրեն Մեհրիբան Զեյնալովան ասում է, որ իրենց կազմակերպությունը տարվա ընթացքում ապաստարան է տրամադրում 150-170 կնոջ. «Ճիշտ է, նրանց մեջ նաև մարդկանց թրաֆիքինգի զոհեր են, սակայն մեծ մասն ընտանեկան բռնության զոհեր են…»

Նատո Շավլակաձեն շոշափում է նաև եկեղեցու վերաբերմունքը: Նրա խոսքով` այս համակարգում կան բավական կրթված, առաջադեմ մարդիկ, որոնք համաձայն են ՈԿԿ-ի հետ աշխատել: Եկեղեցուն կից երկու ապաստարան կա. «Հիշում եմ մի դեպք, երբ հոգևորականը մեզ մոտ բերեց ընտանեկան բռնության զոհին՝ ասելով. «Ես չկարողացա նրան բացատրել և համոզել հեռանալ նման ամուսնուց, գուցե դո՞ւք կարողանաք օգնել»: Այս կինն ինքը բավական հավատացյալ էր և ասում էր. «Ես ո՞նց բաժանվեմ, եթե հավատացյալ եմ»:

Կա՞ արդյոք ելք ստեղծված իրավիճակից

Մախլուգան պատմում է, թե ինչպես է իրեն հաջողվել հեշտորեն հեռանալ բռնարար ամուսիններից: Նրա խոսքով` չլիներ մայրը, ով ամուսնու հարազատների համար «չափից ավելի ժամանակակից էր», իրեն հիմա չէր հաջողվի ազատ կյանքով ապրել: «Մայրս ամուր բնավորություն և շատ բարձր ինքնագնահատական ունի: Եվ նույնը միշտ իր աղջիկներից էր պահանջում: Բոլոր երեք ամուսնալուծությունների ժամանակ ինձ հաջողվեց ամուսիններից հեռանալ բացառապես նրա օգնությամբ: Ի տարբերություն ուրիշ մայրերի, ովքեր ամաչում են իրենց բաժանված աղջիկներից, նա գնում էր միշտ գլուխը բարձր պահած և երբեք թույլ չէր տալիս ինձ վիրավորել` ո՛չ եղբայրներիս, ո՛չ հորս, ո՛չ հարազատներին»: Ես չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե այսպիսի մայր չունենայի…»

Մեհրիբան Զեյնալովայի կարծիքով` յուրաքանչյուր դեպք բացառիկ է: Կնոջ կրթվածությունը, ինքնուրույնությունը երբեմն այս հարցում կարևոր նշանակություն չեն ունենում. «Մենք ամիսներ շարունակ համոզում էինք մի կնոջ, ով մասնագիտությամբ բժշկուհի էր, թողնել բռնարար ամուսնուն, որը նրան ծեծում և ծաղրում էր: Նա չէր կարողանում որոշում կայացնել: Իսկ ոչ կրթված կանայք երբեմն շատ արագ են որոշում կայացնում և հեռանում այն մարդուց, ով չի հարգում իրենց»:

Իսկ այս ընթացքում 26-ամյա Մարիան շարունակում է պայքարել իր նախկին ամուսնու դեմ: Նա խոստովանում է, որ իր համար շատ բարդ է, ինքը ելք չի տեսնում ստեղծված իրավիճակից: «Ես չգիտեմ, թե ոնց պայքարեմ նրա դեմ, հիմա իմ կյանքը մեծ հարցականի տակ է: Դե, ենթադրենք, նրան բանտ նստացրին, բայց քանի՞ տարով: Կնստի, դուրս կգա, բայց ինձնից պոկ չի գա: Ես արդեն մտածում եմ երկրից հեռանալու մասին: Հիմա իմ փրկությունը մենակ դրա մեջ եմ տեսնում»:

Թողնել պատասխան