
Բաթումիի քաղաքային ժողովի (սակրեբուլո) «Միացյալ ազգային շարժում» խմբակցության ղեկավար Միրդատ Քամադաձեն առաջարկում է Լերմոնտովի փողոցն անվանակոչել Ջոն ՄըքՔեյնի անունով:
Քամադաձեն interpressnews-ի հետ զրույցում հայտարարել է, որ սենատոր ՄըքՔեյնը, ով կյանքից հեռացավ օգոստոսի 25-ին, Վրաստանի մեծ բարեկամն էր, ում անունով պետք է կոչվի հիշյալ փողոցը:
«Ես հանդես եմ գալիս առաջարկությամբ՝ Բաթումիի Լերմոնտովի անվան փողոցը վերանվանել սենատոր Ջոն ՄըքՔեյնի անունով: Բոլորին է հայտնի, թե ինչ արժանիքներ ունի ՄըքՔեյնը Վրաստանի առջև։ Սա իմ անձնական դիրքորոշումն է»,- հայտարարել է Միրդատ Քամադաձեն:
Հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը կյանքից հեռացել է 81 տարեկան հասակում, նա վերջին երկու տարիներին պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ։ Լրատվամիջոցները հղվելով սենատորի ընտանիքի տարածած հայտարարությանը, գրում են, որ ՄըքՔեյնը օրեր առաջ հրաժարվել է հետագա բուժումից։