Ստրասբուրգի դատարանը բավարարել է Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի քրեական գործի վերաբերյալ` Վրաստանի կառավարության բողոքը:
Այս մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
«2016 թվականի հոկտեմբերի 17-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, կազմում 5 դատավոր, բավարարել է Վրաստանի կառավարության բողոքը, որով Վրաստանի արդարադատության նախարարությունը բողոքարկել է Վանո Մերաբիշվիլիի գործով դատարաններից մեկի` 2016 թվականի հունիսի14-ի որոշումը» ,-ասված է Ստրասբուրգի դատարանի հայտարարության մեջ:
Խոսքը Դատարանի` հունիսի 14-ին հրապարակած որոշման մասին է, որով հայտարարվել էր, թե Մերաբիշվիլիի նկատմամբ անհիմն է որպես խափանման միջոց կալանք ընտրվել, ապա երկարաձգվել: Դատարանի որոշման մեջ նշված էր, որ Վանո Մերաբիշվիլին քաղբանտարկյալ է: Այդ որոշումը պատասխանատվություն էր դնում Վրաստանի իշխանության վրա՝ հաշվի առնելով դրա քաղաքական ենթատեքստը: Պահանջվում էր անհապաղ ազատ արձակել Վանո Մերաբիշվիլիին:
Այն ժամանակ Մերաբիշվիլիի փաստաբանը շտապել էր ուրախանալ` նշելով, թե այսպիսի որոշում կայացվում է 100 հազար գործից մեկի դեպքում, և Մերաբիշվիլին Տիմոշենկոյից ու Լուցենկոյից հետո երրորդ քաղաքական գործիչն է, որի գործով նման որոշում է ընդունվում: Վրաստանի արդարադատության նախարարությունը սահմանված ժամկետում, 2016 թվականի սեպտեմբերի 13-ին բողոքարկել էր վճիռը:
Հիշեցնենք, որ Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է 2013 թվականի մայիսի 21-ին, ինչից անմիջապես հետո նրա հանդեպ որպես խափանման միջոց էր ընտրվել նախնական կալանքը: 2014 թվականի փետրվարի 17-ին Մերաբիշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: