Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն հույս ունի, որ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը չի հրաժարվի պատգամավորական մանդատից և կշարունակի կուսակցության հետ համատեղ պայքարը: «Կուսակցության որոշումն արդեն հայտնի է, մենք մտնում ենք Խորհրդարան, սրա համար մենք շատ փաստարկներ ունենք և շատ պատճառներ: Մենք սկսում ենք պայքարը, և ես հույս ունեմ և գրեթե համոզված եմ, որ Սանդրան այդ պայքարում մեր կողքին է լինելու»,- «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում ասել է Բաքրաձեն՝ հիշեցնելով, որ Ռուլոֆսը «Ազգային շարժման» ընտրական ցուցակում 2–րդն է, սակայն Խորհրդարան մտնել-չմտնելու վերջնական որոշումը պետք է ինքը կայացնի:
Հիշեցնենք, որ Ռուլոֆսն առաջադրված էր Զուգդիդիի ընտրատարածքում։ Հոկտեմբերի 8-ի ընտրությունների արդյունքում նա մեծամասնական ընտրակարգով հավաքել է ձայների 44,8 %-ը, իսկ նրա մրցակից իշխող կուսակցության ներկայացուցիչ Էդիշեր Տոլորայան 48,63%: Նշանակվեց 2-րդ փուլ, որին Ռուլոֆսը հրաժարվեց մասնակցել: ՀԻշեցնենք, որ ընդդիմադիր կուսակցության հիմնադիր Սահակաշվիլին 1-ին փուլի արդյունքների հրապարակումից հետո կոչ արեց Միացայալ ազգային շարժմանը՝ հրաժարվել 2–րդ փուլին մասնակցելուց և 9-րդ գումարման Խորհրդարանի աշխատանքից, սակայն ավելի ուշ կուսակցության քաղաքական խորհուրդը թե 2-րդ փուլին մասնակցելու, թե Խորհրդարան մտնելու որոշում կայացրեց։
Իր հերթին Սանդրա Ռուլոֆսն ասել է, թե Խորհրդարան մտնելու խորհրդրակցությունները շարունակվում են, սակայն կոնկրետ ում հետ, չի հստակեցրել: Նա նաև ասել է, որ իրենց դիրքրորոշումն անփոփոխ է, իրենք Խորհրդարան մտնելու կողմակից են: