Վրաստանի ոստիկանությունը 12 ժամ շարունակ ապօրինի կերպով անազատության մեջ է պահել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտթևի ակտիվիստներ Ալեքսեյ Ադամիային և Միխաիլ Լուխավային: Վերջիններս բերման են ենթարկվել Փոթիում` թմրանյութերի ստուգման համար: Այս մասին հայտնել է երիտասարդների փաստաբան, Ազգային շարժումից մեծամասնական թեկնածու Բեկա Բասիլիան: Լուխավային ձերբակալել էին օգոստոսի 23-ին, մարզադահլիճ գնալու ճանապարհին, իսկ Ադամիային նույն օրը` սեփական տան բակում: Թմրանյութերի օգտագործման կասկածանքով նրանց տեղափոխել էին Սենակի քաղաք, ոստիկանական բաժանմունքում 12 ժամ մնացել են առանց արձանագրության, արդյունքում թմրանյութերի օգտագործման փաստը չի հաստատվել:
Ի պատասխան փաստաբանի` Վրաստանի ՆԳՆ-ն ասել է, թե ակտիվիստներին ոչ թե ձերբակալել, այլ բերման են ենթարկել, և ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի սահմաններում: Փաստաբանը, սակայն, պնդում է, որ ձերբակալության հիմքում քաղաքական ենթատեքստ է, և որ կուսակցության ներկայացուցիչների ճնշումները պարբերական բնույթ ունեն: