Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ողջունել է իր հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքական խորհրդի որոշումը, ըստ որի, հունվարի 20-ին անցկացվելիք կուսակցության առաջիկա համագումարում կմասնակցեն շուրջ 7000 անդամներ:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կուսացության բոլոր անդամներին ու աջակիցներին, ովքեր ժողովրդավարական և եվրոպական կուսակցության առաջիկա համագումարի օգտին կատարել են միակ ճիշտ ընտրությունը»,-գրել է Սահակաշվիլին՝ ֆեյսբուքյան իր էջում։
Վրաստանի նախկին նախագահը, ով այժմ գտնվում է Օդեսայում, կարծում է, որ այս քայլով կուսացության անդամների մեծ մասը կողմ է միասնականության ու թարմացման գաղափարին: Նրա կարծիքով այս գաղափարն այլընտրանք չունի «ապագայի հաղթանակի վրա կենտրոնացած» քաղաքական ուժի համար, որը Վրաստանում եվրաատլանտյան ձգտումները ակտիվորեն պաշտպանող միակ կազմակերպված ուժն է:
Սահակաշվիլիի խոսքով, եվրաատլանյան ուղղությունը Վրաստանի բնակչության պատմական ընտրությունն է, որի համար «վտանգ է հանդիսանում Իվանիշվիլիի օլիգարխիկ և ոչ ֆորմալ իշխանությունը»:
Սահակաշվիլին շնորհակալություն է հայտնել իր այն կուսակիցներին, ովքեր ողջունել են նրա՝ առաջիկա համագումարում մեծ թվով ադամների մասնակցության մասին առաջարկը։
«Միասին կհաղթենք, ուժը միասնության մեջ է»-ֆեյսբուքյան էջում վստահեցրել է Սահակաշվիլին: