Բելառուսն ու Վրաստանը վերջին տարիներին կարողացել են վերստին ձևավորել երկկողմ հարաբերությունները: Այս հայտարարությունն արել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Թբիլիսիում Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ:
«Մենք, իսկապես, վերջին 2-3 տարիների ընթացքում քիչ բան չենք արել, որպեսզի ոչ միայն ակտիվացնենք մեր հարաբերությունները, այլ դրանք վերաձևակերպենք և հիմք ու հիմնաքար դնենք: Մենք մեր առջև հավակնոտ նպատակ ենք դրել՝ առևտրաշրջանառությունը հասցնել 200 մլն դոլարի՝ բոլոր առկա խնդիրների պարագայում: Մենք վճռական ենք, մինչև տարեվերջ կհասնենք սրան: Սա խոսում է այն մասին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,-ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաև երախտագիտություն է հայտնել վրաստանյան իշխանություններին՝ իր ղեկավարած երկրին միջազգային հարթակներում (այդ թվում ՄԱԿ, ԵԱՀԿ, արևելյան գործընկերություն) սատարելու համար. «Չի եղել դեպք, որ Վրաստանը դժվար պահերին չկանգնի Բելառուսի կողքին: Ե՛վ Սաակաշվիլին, և՛ ներկա իշխանությունները միշտ սատարել են բելառուս ազգին: Համագործակցության համար փակ թեմաներ չկան»:
Խոսելով առևտրատնտեսական համագործակցությունից, Լուկաշենկոն ասել է, որ երկու երկրները ոչ միայն գնում են սովորական առևտրափոխանակման ճանապարհով , չնայած որ սա կարևոր է, այլև սկսում են գիտական կենտրոններ հիմնել՝ գյուղատնտեսության կարիքների համար:
Լուսանկարն ու տեսանյութը՝ Մարգվելաշվիլիի ֆեյսբուքյան էջից