Նախագահի խորհրդարանական հարցերով քարտուղար Աննա Դոլիձեի պարզաբանմամբ, Գիորգի Մարգվելաշվիլիի վետոն միտված է դատարանների ապակենտրոնացմանն ու դատավորների պաշտպանվածության բարձրացմանը:
Դոլիձեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ դատական համակարգի մասին նախագահի առարկությունները ամբողջովին համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին: «Մերժել Մարգվելաշվիլիին, կնշանակի ոչ ասել Վենետիկի հանձնաժողովին»,- հայտարարել է Դոլիձեն:
Հիշեցնենք՝ այսօր Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին նիստում նշված թեմայով քննարկում է ընթացել: Մինչ այդ, Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովը չէր ընդունել դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլի փաթեթի վրա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի վերջերս դրած վետոն:
Հանձնաժողովի քննարկման ընթացքում նախագահի առարկություններն ընդունելի է եղել միայն երկու պատգամավորի համար: Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից Գիորգի Կախիանին ասել է, որ վետոյի վերաբերյալ նախագահը ոչ մի համոզիչ փաստարկ չի բերել, այդ իսկ պատճառով ինքը չի աջակցելու նախագահի որոշմանը:
Հարցին արձագանքել է նաեւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն. «Վրաստանում կառավարությունն ու խորհրդարանը երկրի նախագահի ընտրության կարգը փոխելու որևէ քաղաքական դրդապատճառ չունեն»:
Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլի արդյունքում ներկայացված առաջարկների փաթեթի վրա: Դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլում ներկայացված օրինագիծը խորհրդարանն ընդունել էր դեկտեմբերին: