
«Պահանջում ենք մայրաքաղաքի փողոցներում հեծանվորդելու համար համապատասխան ենթակառուցվածքներ, նպաստում ենք Վրաստանում հեծանիվների տարածմանը, վարորդներին զգուշացնում ենք, որ փողոցը նաև հեծանվորդներինն է և, վերջապես, սա շփման լավ միջոց է»,- Թբիլիսիում կայացած հեծանվորդների երթից հետո «Ալիք մեդիային» ասում է պրոֆեսիոնալ հեծանվորդ Էռնեստ Պետրոսյանը:
«Քննադատող զանգված» կազմակերպության նախաձեռնությամբ այսպիսի երթեր տեղի են ունենում ամեն ամիս. հիմնական նպատակը քաղաքապետարանին մարտահրավեր նետելն է` հեծանվորդների անվտանգությունն ապահովելու ու քաղաքում հեծանվորդելու համար հարմար պայմաններ ստեղծելու նպատակով:
Կազմակերպիչների կարգախոսն է «Մենք չենք արգելափակում տեղաշարժը․ տեղաշարժվողը մենք ենք»։
Երթի ուղղությունն էր` հեծանվի արձան, Կոստավայի փողոց, Պեկինի պողոտա, Վաժա-Փշավելայի պողոտա, Թամարիշվիլի փողոց, Ճավճավաձեի փողոց, Մելիքիշվիլի պողոտա, Ռուսթավելի պողոտա, Ազատության հրապարակ, Ռուսթավելի պողոտա, հեծանվի արձան։