«Ռեգբին վրացիների բնավորության խաղ է, ես մեծ հավատով եմ նայում Վրաստանում ռեգբիի ապագային»,-Բաթումիի ռեգբիի միջազգային չափանիշներին համապատասխան նոր բազա այցելության ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ըստ վարչապետի՝ Վրաստանը կդառնա ռեգբիի հայտնի երկիր, կգրավի ավելի մեծ բարձունքներ։
Հիշեցնենք, որ բազայի շինարարությունը ֆինանսավորել է «Քարթու» հիմնադրամը։ Աջարիայի կառավարության տեղեկատվությամբ` համալիրի տարածքը 4.5 հեկտար է: Ժամանակակից չափանիշներին համապաստասխանող բազան ընդգրկում է 3 հրապարակ: Հիմնականը նախատեսված է 2.500 հանդիսատեսի համար, մյուսը` 500, իսկ երրորդը նախատեսված է ֆիզիկական ակտիվության համար:
Ռեգբիի բազան եվրոպական չափանիշներին համապատասխանող լուսավորում ունի, ինչը հնարավորություն է տալիս մարզվել և խաղեր կազմակերպել նաև գիշերային ժամերին:
Բազայի շինարարական աշխատանքները սկսվել են 2014 թվականին: Ընդհանուր առմամբ ծախսվել է 7 միլիոն 355 հազար լարի, որից ավելի քան 3,5 միլիոնը` Բաթումիի քաղաքապետարանի բյուջեից: