
Քութայիսիում, Վրաստանի խորհրդարանի հարակից տարածքում «Միացյալ ազգային շարժման» աջակիցները բողոքի ցույց են կազմակերպել: Օրենսդիր մարմնի մոտ հավաքվածները բողոքում են Խորհրդարանում գաղտնի ձայնագրությունների վերաբերյալ օրինագծի քննարկման դեմ: Ցուցարարները հայտարարել են, թե իշխանությունները այս օրինագծով փորձում են շարունակել գաղտնի ձայնագրությունների պրակտիկան:
«Մեզ մի լսեք` սա է մեր կարգախոսը, քանի որ այս օրինագծի ընդունման դեպքում իշխանությունը կշարունակի ապօրինաբար լսել յուրաքանչյուր քաղաքացու, ինչը մարդու իրավունքների խախտում է: Այս ամենը խորհրդարանական մեծամասնությունը անում է Բիձինա Իվանիշվիլիի սիրտը շահելու համար»,- «Interpressnews»-ի փոխանցմամբ, հայտարարել են ցուցարարները: