Մարիխուանայի սիրահարների համար ` վատ նորություն: Վրաստանում օրենքը չի մեղմացվի: Խորհրդարանը տապալել է մարիխուանայի օգտագործումը ապաքրեականացնելու օրենքի նախագիծը:
Այսօրվա օրենով` մարիխուանա պահելը կամ ձեռք բերելը համարվում է քրեորեն պատժելի արարք: Թմրամիջոցի` թեկուզ փոքր քանակություն հայտնաբերելու դեպքում քաղաքացին տուգանվում է` առաջին անգամ 500 , երկրորդ անգամ` 2000 լարիի չափով, երրորդ անգամը ենթադրում է ազատազրկում:
Օրենքն ընդունվել է 2006-ին, որից հետո բազմիցս այն մեղմացնելու, նույնիսկ ապաքրեականացնելու առաջարկ ու փորձեր եղել են, տասնյակ բողոքի ակցիաներ են անցկացվել, իսկ 2013-ին մեծ արձագանք ստացավ Բեկա Ցիկարիշվիլիի գործը, երբ 65 գրամ մարիխուանա ձեռք բերելու համար նրան սպառնում էր 14 տարվա ազատազրկում:
Այդ ժամանակ դատարանը որոշեց, որ մարիխուանա վաճառողներն ու օգտագործողները չպետք է նույն պատժին արժանանան, որոշեց, որ սպառողի համար ազատազրկում չի լինելու, սակայն, սրա հետ մեկտեղ, նախորդ իշխանությունները հայտարարեցին, որ մարիխուանայի օրենքի ապաքրեականացում չի լինի, քանի որ դա կնշանակի թմրամոլության խթանում:
Արդեն մեկ տարի է` խորհրդարանական փոքրամասնության պատգամավոր Գոգա Խաչիձեն պայքարում է այս օրենքի դեմ: Նրա սկզբնական առաջարկը մարիխուանայի օգտագործման բացարձակ ապաքերականացումն էր, հետո պահանջը վերաձևակերպեց, որի դեպքում` մարիխուանա աճեցնելը , ձեռք բերելը և պահելը չէր հետապնդվի օրենքով, իսկ մարիխուանա օգտագործելու համար նախատեսված 500 լարին կփոխարինվեր 100 լարիով: Մարտի 2-ին այս առաջարկը ևս խորհրդարանը քննարկեց և մերժեց: Խաչիձեն ասում է` հույսը չի կորցնում, պայքարը շունակելու է:
«Մենք սրա վրա կանգ չենք առնելու և սկզբունքորեն շարժվելու ենք այն ուղղությամբ, որ մարիխուանայի , եթե ոչ մնացած թմրանյութերի օգտագործումը ապաքրեականացվի: Սա մեր կոնկրետ նպատակն է: Մենք կուսումնասիրենք եվրոպական երկրներն ինչպես են վարվում օրենքի այս մասով: Այս հարցը կա, հասարակությունը պատրաստ է, հասարակական կազմակերպությունները ևս, սա նորմա՞լ է, երբ 21 -րդ դարում քեզ կարող են մեկ տարով սզատազրկել մաիրխուանայի համար, սա իմ կարծիքով, ճնշում է»:
Հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ Վրաստանի շուրջ 45 հազար բնակիչներ թմրանյութ է օգտագործում: Մարիխուանա ծխելուց հետո սրտի աշխատանքի արագությունն ավելանում է 20-100 տոկոսով: Ուսումնասիրություններից մեկի արդյունքներով հայտնաբերվել է, որ ծխելու առաջին ժամվա ընթացքում օգտագործողների մոտ 5 անգամ ավելանում է սրտի կաթված ստանալու վտանգը:
Որոշ ուսումնասիրություններ էլ ցույց են տվել, որ մարիխուանայի օգտագործումը կապված է մտավոր առողջական խնդիրների հետ, ինչպիսին է, օրինակ շիզոֆրենիան: Ապացուցված է, որ օգտագործողների գրեթե 9 տոկոսը կախվածություն է ձեռք բերում: