Վրաստանի նախագահը երկրի բնակչությանը կոչ է անում ակտիվորեն մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին: Հոկտեմբերի 18-ին այս մասին լրագրողներին հայտնեց նախագահի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն:
«Երկիրը դարձյալ ընտրական շրջանում է․Առջեւում շատ կարեւոր երկրորդ փուլն է: Նախագահը եւս մեկ անգամ կոչ է անում երկրի քաղաքացիներին ակտիվ լինել, կատարել սեփական ընտրությունը, քանի որ միայն քաղաքացու ընտրությունն է այս գործընթացում որոշիչը»,-հայտարարեց Միշվելաձեն:
Միշվելաձեի խոսքով, նախագահը հույս ունի, որ ընտրությունների 2-րդ փուլը կանցկացվի առավել թափանցիկ, խաղաղ եւ արդար միջավայրում և առանց այն խախտումների, որոնք տեղ գտան առաջին փուլի ընթացքում:
«Մեր տեղեկատվությամբ, այժմ քննարկվում են բողոքները եւ շատ կարեւոր է, որ բոլոր այդ փաստերն ու դեպքերը հետաքննվեն: Նախագահը գտնում է նաև, որ բոլոր հարցերը, որ ի հայտ են եկել ձայների հաշվարկի ժամանակ, կստանան իրենց պատասխանները»,- նշեց Միշվելաձեն:
Նախագահի մամուլի խոսնակի փոխանցմամբ, ընտրական հարցերի ամբողջական բացահայտումների պատասխանատուն առաջին հերթին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է: Նրա խոսքով, շատ կարեւոր է, որ բոլոր պաշտոնական տվյալները հրապարակվեն ժամանակին, այդ թվում նաեւ անվավեր քվեաթերթիկների հետ կապված տեղեկատվությունը։ Հանրությունը պետք է սպառիչ տեղեկատվություն ստանա, որը թույլ կտա գործընթացները լավագույնս վերլուծել:
«Սա հարկավոր է հատկապես այն դեպքում, երբ վերջին 2 ընտրությունների ընթացքում անվավեր քվեաթերթիկների թեման շատ լուրջ հարցի է դարձել: Բոլոր հարցերին պատասխաանելը հենց ԿԸՀ-ի հետաքրքրությունը պետք է լինի։ Հանձնաժողովի պատասխանատվության մեջ է մտնում ոչ միայն խաղաղ միջավայրում ընտրությունների կազմակերպումն ու արդյունքների մասին ներկայացնելը, այլեւ հանրությանը ժամանակին տեղեկատվություն տրամդրելը»,- հայտարարել է Միշվելաձեն: