Թբիլիսիի «Մանկական աշխարհ» առեւտրի կենտրոնում օրեր առաջ բռնկված հրդեհը շուրջ 13 հազար քմ տարածք է ընդգրկել:
Այս մասին հայտարարել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալության Թբիլիսիի մասնաճյուղի փոխտնօրեն Դավիթ Գելաշվիլին: Նրա խոսքով, հրդեհը տարածվել է ոչ միայն առևտրի կենտրոնում, այլ հասել է նաև շենքի հարակից շուկայի տարածք:
«Հրդեհի հետևանքները վերացնելու աշխատանքները շարունակվում են, մոբիլիզացված է 7 հրշեջ մեքենա եւ 80 հրշեջ-փրկարար, որոնք ապահովում են տարածքի անվտանգությունը»,- հայտարարել է Գելաշվիլին: Նրա խոսքով, անվտանգության նկատառումներից ելնելով, շենքի տարածք մուտքն արգելվում է:
«Շինությունը շատ վտանգավոր է, քանի որ ամեն վայրկյան կարող է փլուզվել»,-զգուշացրել է ՆԳՆ արտակարգ իրավիճակների գործակալության Թբիլիսիի մասնաճյուղի փոխտնօրեն Դավիթ Գելաշվիլին:
Հիշեցնենք՝ հրդեհը տեղի է ունեցել հունվարի 29-ի լույս 30-ի գիշերը: Հունվարի 31-ին Թբիլիսիի քաղաքապետարանում տեղի ունեցած քննարկման ընթացքում փոխքաղաքապետը հայտարարել է, որ տուժած առևտրականները կտեղավորվեն այլ շուկաներում: Շենքի ապամոնտաժումը իրականացնելու համար ձևավորված խումբը կանցնի գործի, երբ հրդեհը տարածքում ամբողջովին մարված կլինի:
Քաղաքապետ Դավիթ Նարմանիան ասել է, որ տեղի ունեցածի պատասխանատվություն պետք է կրի շուկայի ղեկավարությունը, քանի որը նա, ստանձնած պարտավորության համաձայն, պետք է ապահովվեր նրանց անվտանգությունը:
Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն դեպքից հետո կարծիք է հայտնել, որ շուկաների և առևտրի կենտրոնների ապահովագրությունը անհրաժեշտություն է դառնում:
Հիշեցնենք՝ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հիշյալ գործով հետաքննություն է սկսել: Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ-ի 187 հոդվածի հատկանիշներով` ուրիշի ունեցվածքի վնասում կամ ոչնչացում, որը զգալի վնաս է հասցրել: