Մանանա Կոբախիձեն հրաժարվել է խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարի թեկնածուի պաշտոնից։ Հաստատում եմ, իրոք եղել է նման առաջարկ, սակայն որոշ կարծիքների պատճառով հրաժարվել եմ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից,- այս մասին «ինտերպրեսնյուս» լրատվականին փոխանցել է Կոբախիձեն: Նրա խոսքով, մոտ ապագայում «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը այդ պաշտոնում նոր թեկնածու կառաջադրի։ «Այս պահին բնականոն կերպով շարունակում եմ աշխատանքս: Ինչպես խմբի, այնպես էլ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ եմ եւ պատրաստվում եմ օրենսդիրի առաջին նիստին: Իմ եւ կուսակցության հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Ինչ վերաբերվում է հանձնաժողովի ղեկավար դառնալու առաջարկին՝ ես դրանից իրոք հրաժարվել եմ: Հուսով եմ, որ ով էլ զբաղեցնի այդ պաշտոնը, արժանապատվորեն կիրականացնի իր գործը»,- նշել է Մանանա Կոբախիձեն:
Հարցին, թե արդյոք չի քննարկվում Կոբախիձեի թեկնածությունը խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնում, այն դեպքում, երբ սահմանադրական մեծամասնության քվոտայով հաշվի առնված փոխխոսնակի պաշտոններից մեկի թեկնածությունն ընտրված չէ, Կոբախիձեն նշել է, որ խորհրդարանում մնում է որպես շարքային պատգամավոր: «Որոշել եմ, որ խորհրդարանում կշարունակեմ գործունեությունս որպես պատգամավոր եւ կիրականացնեմ պատգամավորական լիազորություններս։ Իրականում կարեւոր չէ, թե ինչ պաշտոն կզբաղեցնեմ, քանի որ մենք չենք պայքարել պաշտոնի հանար։ Ամենից կարեւորն այն է, որ մանդատ ենք ստացել ժողովրդի կողմից»,- նշել է Կոբախիձեն:
Հիշեցնենք, գոյություն ունեցած տեղեկատվությամբ, մեծամասնությունն իր քվոտայով փոխխոսնակի պաշտոնի համար հայտարարել է Գիա Վոլսկու եւ Զվիադ Ձիձիգուրիի անունները: Փոխխոսնակի եւս մեկ թեկնածուի անունը դեռեւս չի հրապարակվել: Հարկ է նշել, որ փոխխոսնակի մեկ պաշտոն թափուր է եղել նաեւ 8-րդ գումարման խորհրդարանում: Ինչ վերաբերվում է առաջին փոխխոսնակին, ապա այս պաշտոնում ներկայացված կլինի Թամար Չուգոշվիլիի թեկնածությունը: