Մայիսի 6-ի վրաստանյան մամուլի տեսություն

Մայիսի 6-ին վրաստանյան մամուլը առավելապես խոսեց Վրաստանի համաներդրումային հիմնադրամի հայտարարության մասին:

Այնտեղ ասվում է, թե նախագծի նախաձեռնող և հիմնական ֆինանսական ներդրումներն իրականացնող Բիձինա Իվանիշվիլին պատրաստ է ծրագրերի զարգացման ցանկացած փուլում, միայն ծախսերը հոգալու համար, շահույթի և առևտրի հետաքրքրություններից զատ, նախաձեռնվող ծրագրերի ղեկավարությունը հանձնել հետաքրքրված ներդրողներին, սակայն այն պայմանով, որ վերջինները կերաշխավորեն ծրագրի հաջողությունը` տեղեկացնում է «kvira.ge»-ն:

«Interpressnews»-ի փոխանցմամբ` Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանում նախատեսվող վրաց-ամերիկյան ռազմական զորավարժությունները որակել է որպես սադրանք: Հղում անելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը` պարբերականը գրում է. «ՆԱՏՕ-ի զորքերի կողմից Վրաստանի տարածքում առաջխաղացումը կհամարենք որպես սադրիչ քայլ, ինչը կնպաստի անդրկովկասյան տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը քայքայելուն»- ասված է Ռուսաստանի արտաքին գերատեսչության հայտարարությունում:

«Frontnews»-ի փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիորգի Վաշաձեն հայտարարել է, թե Միխեիլ Սահակաշվիլին գիտեր, որ ինքը դուրս է գալու «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերից: Վաշաձեն նաև հայտարարել է, որ երկու շաբաթ առաջ հանդիպել է Վրաստանի նախկին նախագահին.

«Սահակաշվիլիի հետ խոսել ենք իմ տրամադրությունների մասին: Նախքան իմ հայտարարությունը, նա տեղյակ էր ամեն ինչից, եւ ընդհանրապես` կուսակցության ողջ ղեկավար կազմը գիտեր իմ` կուսակցության շարքերը լքելու ցանկության մասին»,— հայտարարել է Վաշաձեն: Պատգամավորը նաև ասել է, որ «Մեդիատոր» կազմակերպությունը Լևան Խաբեիշվիլիի գլխավորությամբ իր թիմակիցն է:

«Kvira.ge» պարբերականն այսօր անդրադարձել է նաև Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներին: Պարբերականը փոխանցում է, թե Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Աստամուր Տանիային` պաշտոնից հեռացնելու հրամանագիրը: Անդրադառնալով Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիային, ասվում է հետեւյալը.

«Այսպես կոչված` Հարավային Օսիայի`  Վրաստանի հետ` այսպես կոչված սահմանը կփակվի մայիսի 8-ին և 9-ին: Այսպես կոչված` սահմանապահ ծառայության տեղեկատվությամբ`սահմանի փակումը կապված է Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումների հետ: Բռնազավթված տարածքներում մայիսի 9-ին միջոցառումներ են նախատեսված»:

Մայիսի 6-ին «Netgazeti.ge»-ին հրապարակել է հաղորդագրություն, որտեղ նշում է, որ կապվել է` Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիդ Բաբայանի հետ: «Netgazeti.ge»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիդ Բաբայանը խոսել է ՀՀ-ի կողմից Ղարաբաղի ճանաչման մասին»,- գրում է պարբերականը:

Դավիթ Բաբայանը հարցազրույցի ժամանակ կարևորել է գործընթացը: Նրա խոսքերով` Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչումը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանը:

Միեւնույն պարբերականը նաև անդրադարձել է ACT կազմակերպության կողմից Ադրբեջանում անցկացված մի հետազոտությանը, ըստ որի` հարցվածների 97%-ը կողմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լայնածավալ ռազմական գործողություններին: Բացի այդ, հարցվածների 86%-ը կարծում է, թե ապրիլյան քառօրյա պատերազմը հրահրել է Հայաստանի Հանրապետությունը:

«Kvira.ge»-ի փոխանցմամբ` Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին հայտարարել է, որ 2016 թվականին Վրաստանը կունենա 3 տոկոս տնտեսական աճ: «Փետրվար և մարտ ամիսներին տնտեսական աճը բարձր էր: Մարտ ամսին ազգային վիճակագրության ծառայությունը գրանցել է 3.4% տնտեսական աճ: Հույս ունենք, որ տարեկան տնտեսական աճը կկազմի 3%»,- հայտարարել է Խադուրին:»

Վրաստանի ազգային արժույթը շարունակում է ամրապնդվել: Երկրի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն` մայիսի 7-ին ԱՄՆ 1 դոլարի գինը կկազմի 2.2134 լարի: Ազգային արժույթը ամրապնդվել է նաև Եվրոյի հանդեպ` 1 եվրոյի գինը հասցնելով 2.5270 լարի:

Թողնել պատասխան