«Kvira.ge»-ի փոխանցմամբ` ձերբակալվել է Գիգա Օթխոզարիայի սպանության մեջ մեղադրվող Ռաշիդ Կանջիողլին:
Քաղաքացիական հավասարության հարցերով Վրաստանի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլիի հայտարարության համաձայն` նրան նույնպես տեղեկացրել են ձերբակալման մասին, սակայն առայժմ ստուգվում է տեղեկատվության հավաստիությունը: «Կարող եմ ասել, որ ձեր տեղեկատվությունը մոտ է ճշմարտությանը: Մենք գիտենք, որ այդ անձը ձերբակալվել է, սակայն տեղում չեմ եղել և չգիտեմ տեղեկատվության հավաստիությունը: Նա ձերբակալվել է Աբխազիայի տարածքում` կանխամտածված սպանության մեղադրանքով: Այս տեղեկատվությունը վստահելի աղբյուրից եմ ստացել, սակայն այն պետք է ճշտվի», — «kvira.ge»-ի հետ զրույցում հայտարարել է Զաքարեիշվիլին:
Ձերբակալված 29-ամյա Ռաշիդ Կանջիողլին Ռուսաստանի քաղաքացի է, Վրաստանի կողմից չվերահսկվող` Տկղվարչելիի բնակիչ: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Զուգդիդիի շրջանի Խուրչա գյուղում, վրաց-աբխազական սահմանագծի մոտակայքում 4 զինված անձինք հրազենից մահացու վիրավորել էին Գալիի շրջանի Բարղեբի գյուղի բնակիչ Գիգա Օթխոզարիային: Վերջինս մահացել էր ավելի ուշ` հիվանդանոցում:
«Interpressnews»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հանդիպել է Իրանի Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իբրահիմ Ռահինֆուրին: Վերջինս կմասնակցի Վրաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Հանդիպման շրջանակներում Իրանի Իսլամական հանրապետության արտգործնախարարի տեղակալն ` իր պետության անունից շնորհավորել է Վրաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ և Վրաստանի կառավարությանը հաջողություն մաղթել` նախատեսված ծրագրերի իրականացման գործում: Կողմերը քննարկել են նաև Վրաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Իրանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը, Իրանի առաջին փոխնախագահի անունից հրավեր է փոխանցել վրացական կողմին` Գիորգի Կվիրիկաշվիլիի անունով:
«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը բոյկոտ է հայտարարել խորհրդարանում: «Կառավարությունը տեղյակ չէ, թե ինչ պատասխանատվություն է կրում Կորցխելիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Ողջ Վրաստանը տեսնում է, որ մեղավոր է գործող քաղաքական իշխանությունը, սակայն Կառավարությունը դա չի հասկանում: Կառավարությունը չի հասկանում նաև, որ իրականությունը փոխվել է, և ժողովուրդը նրանց ոչ է ասում: Կառավարությունը չի գիտակցում, որ այս 4 տարիների ընթացքում ժողովրդի համար ոչինչ չի արել, և հիմա նրանք ուզում են բռնություն կիրառել ժողովրդի ընտրության վրա: Քանի դեռ չի հաստատվել Կորցձելիի միջադեպի մեղավորի ինքնությունը, մենք բոյկոտ ենք հայտարարում խորհրդարանին», հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից՝ Սերգի Ռատիանին: Իր հերթին «Վրացական երազանք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Գիա Վոլսկին հայտարարել է, թե Կորցխելիի միջադեպից բոյկոտ հայտարարելու գործընթացը նման է նախապես համաձայնեցված սցենարի. «Նպատակը իրավիճակը սրելն է, միջազգային հանրության ուշադրությունը գրավելը: Չեմ ուզում զգացմունքային հայտարարություն անել, սակայն ընդհանուր առմամբ այս գործընթացը շատ նման է նախապես ծրագրված սցենարի, ինչը սկսվել է Կորցխելիում»: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Զուգդիդիի շրջանի Կորցխելի գյուղի 53-րդ ընտրատեղամասում տեղի էր ունեցել ֆիզիկական առճակատում: Ընտրատեղամասի շուրջ հավաքված մարդիկ ֆիզիկական վնասվածքներ են հասցրել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամներ Նիկա Մելիային, Գիգա Բոկերիային, Թենգիզ Գունավային:
«Kvira.ge»-ի փոխանցմամբ՝ Լատվիայում Վրաստանի դեսպանատունը Վրաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպել` Ռիգայի «Զիեմելբլազմա» պալատում: Միջոցառումը սկսվել է Վրաստանի և Լատվիայի ազգային հիմների կենդանի կատարմամբ, ինչից հետո Լատվիայում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Ջանջալիան հանդես է եկել խոսքով: Ջանջալիան կարևորել է Վրաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև խոսել Վրաստանի` ՆԱՏՕ-ի անդամակցության և Լատվիայում վրացական համայնքի գործունեության վերաբերյալ:
«Interpressnews»-ի փոխանցմամբ` Խաշուրիում 63 փախստական ընտանիք բնակարան է ստացել: Վրաստանի բռնի տեղահանվածների և փախստակաների հարցերով նախարար Սոզար Սուբարին և Խաշուրիի ավագանու ղեկավար Գիորգի Գուրասպաշվիլին բնակարանները հանձնել են փախստականներին: