Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովին ընդառաջ, երեկ՝ մայիսի 16 ին տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը՝ դաշինքի անդամ երկրների դեսպանների մակարդակով:
Վրաստանը ներկայացրել են արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Զալկալիանը և պաշտպանության նախարարի տեղակալ Լելա Չիքովանին: Նրանք նաև հանդիպում են ունեցել դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերի հետ:
Հանձնաժողովի նիստին կողմերը զրուցել են հուլիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին։
«Սա բացառիկ հնարավորություն էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ մեր գործընկերների հետ քննարկումներ ունենալու մեր սպասելիքների վերաբերյալ, և հասկանալ, թե ինչ ենք ակնկալում առաջիկա գագաթնաժողովից: Շատ դրական գնահատվեց այն բարեփոխումների ճանապարհը, որը Վրաստանն անցել է այս ժամանակահատվածում»,- նշել է Դավիթ Զալկալիանը: