Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, ինչպես նաև Վրաստանի պատվիրակության անդամները, հանդիպել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Հանդիպումից հետո նրանք համատեղ մամլո ասուլիսով են հանդես եկել:
«Ուրախ եմ, որ Վրաստանի նոր վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, սա Ձեր առաջին այցերից է, — այսպես է դիմել Տուսկը Բախտաձեին, — Եվրամիությունը և Վրաստանը մտերիմ ընկերներ և սերտ գործընկերներ են: Ես և պարոն վարչապետն այսօրվա հանդիպման ընթացքում հաստատեցինք մեր համագործակցությունն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը՝ ասոցացման համաձայնագիր կոչվող հավակնոտ ծրագրի շրջանակներում»։
Իր խոսքում Տուսկն անդրադարձել է Վրաստանում իրականացված բարեփոխումներին, վերջինս դրանք դրական է գնահատել: Տուսկն հիշեցրել է նաև վրաց-ռուսական պատերազմի 10-րդ տարելիցը՝ վերահաստատելով ԵՄ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ:
Հուլիսի 18-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի աշխատանքային այցը Բրյուսել մեկնարկել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումով։