
Վրաստանի «Մաեստրո» հեռուստաընկերության հիմնադիրներ Մակա Ասաթիանին եւ Գիա Գաչեչիլաձեն ընկերության ապագայի վերաբերյալ մի քանի հարցերի շուրջ համաձայնության են եկել:
Այս մասին Ասաթիանին եւ Գաչեչիլաձեն միասնական հայտարարությամբ են հանդես եկել: Ըստ կայացված համաձայնության ` «Մաեստրո»-ի անվանումն ու լոգոտիպը կվերադառնան էկրանին:
Մինչ ընթացող բանակցությունների ավարտը` կողմերը պարտավորվում են զերծ մնալ պաշտոնական հայտարարություններ անելուց, իսկ հեռուստաընկերության ղեկավարության եւ ֆինանսական պատասխանատուների ընտրությունը կկատարվի համատեղ:
Սրանից բացի, մինչ կավարտվեն բանակցությունները, ժամանակավոր ղեկավար կնշանակվեն երկու կողմերի ներկայացուցիչները: Հայտարարությունում նշվում է նաեւ. «Հույս ունենք, որ բանակցությունները փակուղի չեն մտնի, եւ կողմերը կկարողանան զերծ մնալ հնարավոր վեճերից, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել աշխատակիցների կողմից եթերի անխափան հեռարձակումը»: