Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-արբեջանական շփման գծում սկիզբ առած մարտական գործողությունները եւ դրանց հետեւած քառօրյա պատերազմը հրադադարի ռեժիմի հասավ ապրիլի 5-ին:
Հակամարտությանը Վրաստանում անդրադարձան ինչպես բազմաթիվ քաղաքական գործիչներ և փորձագետներ, այնպես էլ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը, Վրաստանի խորհրդարանի` ազգությամբ ադրբեջանցի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, ինչպես նաև զորակցության ցույցեր կազմակերվեցին Թբիլիսիում եւ մեծամասամբ ադրբեջանաբնակ Մառնեուլիում:
Նշվածներից հատկապես հատկանշական է ներկայում ընդդիմադիր` «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանովի հայտարարությունը, ով հայտարարեց, թե ստեղծված իրավիճակում պետք է ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանին: Ավելին` պատգամավորը 150 հոգուց բաղակացած գումարտակի մոբիլիզացիա պահանջեց, որը 2008 թվականին կռվել է Ռուսաստանի դեմ:
Իր խոսքերով` գումարտակը, որը ձեւավորված է եղել հիմնականում վրաստանաբնակ ադրբեջանցիներից, պետք է պատերազմական գործողություններին մասնակցեր Ադրբեջանի կողմից:
Խնդրին անդրադարձավ նաեւ հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ով խոսելով «Իմեդի» հեռուստաընկերության հետ հայտարարեց` «Չեմ ուզում մեկնաբանել իմ գործընկերոջ հայտարարությունը, սակայն եթե հարցը հասել է այդ մակարդակին, ապա Վրաստանում ապրում են նաև ազգությամբ հայեր, ովքեր անարձագանք չեն թողնի Սուլեյմանովի հայտարարությունը: Կարծում եմ, որ սա ճիշտ քայլ չէր, սակայն եթե նա (Սուլեյմանովը խմբ.) ուզում է կենդանի վահան դառնալ, ապա դա իր գործն է»:
Նշենք նաեւ, որ Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» խմբակցության հայ և ադրբեջանցի պատգամավորներ Ռուսլան Պողոսյանը և Ալի Մամեդովը համատեղ հայտարարություն են տարածել` Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
«Կոչ ենք անում Վրաստանի բնակչությանը և հատկապես ազգությամբ հայերին ու ադրբեջանցիներին հանգստություն պահպանել և զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վնաս հասցնել Վրաստանի տարածքում այս երկու ժողովուրդների ներկայացուցիչների` համատեղ խաղաղ կյանքի բազմադարյա ավանդույթին: Վրաստանը մշտապես աչքի է ընկել իր բազմամշակութային հարստությամբ և հարևան երկրների հետ բարի-դրացիական հարաբերություններով: Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է` աջակցել այս ավանդույթների պահպանմանը»:
Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը նույնպես հայտարարություն տարածեց, որտեղ մասնավորապես ասվում էր.
«Ստացված լրահոսի վերլուծությունը մեզ հիմք է տալիս հայտարարել, որ արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ տեղի ունեցող իրադարձություններին սխալ գնահատական են տալիս, այս կերպ սխալ կարծիք ստեղծելով: Այդ իսկ պատճառով Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը հարկ է համարում ևս մեկ անգամ հայտարարել, որ վերջին շրջանում հայկական կողմը առաջնագծում հանդես է գալիս սադրիչ գործողություններով: Ամեն անգամ, երբ միջազգային հանրության աջակցությամբ ներկայացվում է հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու հնարավորություն, հայկական կողմը սադրիչ գործողություններ է սկսում: Այս անգամ ևս նրանք կրակ են բացեցին խաղաղ բնակիչների ուղղությամբ, օգտագործելով խոշոր տրամաչափի զինտեխնիկա»:
Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը նաև նշել է, թե ի պատասխան հայկական կողմի` Ադրբեջանի զինված ուժերը գրավել են այն բարձունքները, որտեղից հայերը կրակում են խաղաղ բնակչության ուղղությամբ:
Հարկ է նշել, որ քառօրյա պատերազմի ընթացքում եւ հետո, Վրաստանում ՀՀ դիվանագիտական առաքելությունը, ինչպես նաեւ հայկական համայնքային եւ հասարակական կազմակերպությունները խնդրի վերաբերյալ որեւէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն եկել: