Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին «Սահմանադրությունը բոլորինն է» ծրագրի շրջանակներում հանդիպում է ունեցել Զուգդիդիի Շոթա Մեսխիի անվան համալսարանի ուսանողների հետ:
Խոսելով սահմանդրության փոփոխությունների նախագծի մասին՝ նախագահը ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես ընտրական համակարգի վրա:
«Երկրում ձևավորվող ընտրական համակարգը խնդրահարույց է: Հիշում եմ, թե ինչպես էր Սահակաշվիլին հայհոյում Շևարդնաձեին, իսկ վերջինս՝ նախկին իշխանություններին: Այս իշխանությունները ևս շատ հաճախ հայհոյանքներ հնչեցնելով են զբաղված: Գալով իշխանության՝ պարսավելով նախկիններին, դա եվրոպական մշակույթ չէ»,-ասել է Մարգվելաշվիլին՝ ներկայացնելով եվրոպական մշակույթի էությունը։
Ըստ երկրի ղեկավարի՝ Վրաստանը եվրոպական մշակույթին կմոտենա այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը հզորանալու հնարավորություն կունենան։
«Մենք պետք է ընդդիմադիր կուսակցություններին հաղթելու հնարավորություն տանք, որպեսզի այս ամենը տեղի ունենա։ Սահմանադրության մեջ ընտրական 5%-ի շեմը մեծ խոչընդոտ է հանդիսանում »,- ասել է նախագահը՝ խնդիր համարելով նաև այն, որ նոր նախագիծը ընդդիմադիր ուժերին ընտրական դաշինքներ ձևավորելու իրավունք չի տալիս։