Վրաստանի Գլխավոր դատախազությունը Իրակլի Օքրուշվիլիի դեմ հարձակման մեջ մեղադրվող Ալեքսանդրե Ինդուաշվիլիի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ է հանդես եկել: Այս մասին «interpressnews» լրատվականին տեղեկացրել են դատախազությունից` նշելով, որ հավանաբար հարցով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին:
Հիշեցնենք, որ Ալեքսանդրե Ինդուաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 4-ին` Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի դեմ զինված հարձակում գործելու մեղադրանքով:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Գորիում, երբ մեծամասնական ընտրակարգով թեկնածու առաջադրված Օքրուաշվիլին հանդիպում էր անցկացնում ընտրողների հետ: Արդյունքում երկու հոգի վիրավորվել է:
Հիշեցնենք, Իրակլի Օքրուաշվիլին Վրաստանի Պաշտպանության նախարարությունը ղեկավարել է 2004-2006թթ.: Նա նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի մերձավոր զինակիցն էր, որը, սակայն 2007թ.-ին մեղադրեց ընկերոջը հակապետական գործողություններ ու սպանության պատվերներ իրականացնելու մեջ:
2007թ.-ին Օքրուաշվիլին Սահակաշվիլի դեմ առաջին բազամամարդ ցույցերն է կազմակերպել, որից հետո ստիպված է եղել լքել Վրաստանը: 2008 թ.-ի ապրիլին նա քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում:
Վրաստանի Պաշտպանության նախկին նախարարը հայրենիք է վերադարձել 2012թ.-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, ձերբակալվել է, այնուհետև 2013թ.-ի հունվարին դատարանի դահլիճից ազատ արձակվել: