Նախօրեին Թբիլիսիի մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանում ձերբակալված երկու երիտասարդներն իրենց ձերբակալած ոստիկաններին մեղադրել են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ՝ հաղորդում է Ռուսթավի 2 հեռուստաընկերությունը:
Գեորգի Սիլագաձեի և Թեմուր Մենադբիշվիլիի ձերբակալության ականատեսն են դարձել տասնյակ մարդիկ: Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում: Կադրերում երևում է, թե ինչպես է երիտասարդներից մեկը ոստիկաններից պահանջում՝ ներկայանալ և բացատրել՝ ինչ հիմքերով են իրենց ձերբակալում: Վրաստանի ներքին գործերի նախարարությունից պատճառաբանել են, որ երիտասարդները ձերբակալվել են մանր խուլիգանության և ոստիկանների պահանջներին չենթարկվելու փաստով: Ականատեսները սա չեն հաստատում:
«Ձերբակալված տղաներն իջնում էին շարժասանդուղքներով: Ոստիկանները մյուսով բարձրանում էին, երբ հանկարծ ոստիկաններից մեկը ցատկեց, իջավ ներքև, և փորձում էր իջնող երիտասարդներից մեկին ձեռնաշղթաներ անցկացնել, ոստիկանները փորձում էին տապալել նրանց»,- լրագրողներին պատմել է ականատեսներից մեկը:
Ներկայումս ձերբակալվածները գտնվում են ժամանակավոր մեկուսարանում, նրանց արդեն այցելել են փաստաբանները: Սիլագաձեն և Մենադբիշվիլին մեղադրվում են Վրաստանի Վարչական օրենսգրքի 166 և 173 հոդվածներով: Նրանց սպառնում է 15 օր վարչական ազատազրկում, կամ` 2 հազար լարիի չափով տուգանք: Ըստ նախնական տեղեկատվության՝ նրանց համար խափանման միջոցը դատարանը կորոշի այսօր: