Հունիսի 7-ի վրաստանյան մամուլի տեսություն

«Kvira.ge»-ն փոխանցում է, որ  Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին վստահեցրել է, թե առաջիկա ընտրությունների արդյունքում խորհրդարանում«Վրացական երազանք»   կուսակցությունը միջին հաշվով  95 պատգամավոր  կունենա:

Իվանիշվիլիի համոզմամբ`  կուսակցության  ներքին հարցումները ցույց են տալիս, որ  իր հիմնադրած քաղաքական ուժի  վարկանիշը նախընտրական շրջանում կտրուկ կբարձրանա: Վրաստանի նախկին վարչապետը խոսել է նաև  «NDI»-ի և   «IR»-ի հետազոտությունների մասին` նշելով. «երկու կազմակերպություններին էլ հարգանքով եմ վերաբերվում և ուզում եմ, որ ամերիկյան այս հաստատությունների հանդեպ հասարակության մեջ նիհիլիզմ չառաջանա»:

«Netgazeti.ge»-ն գրում է ՝ Ստամբուլում ոստիկաններ տեղափոխող ավտոբուսի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է 11, վիրավորվել` տասնյակ մարդիկ: Զովածներից  յոթը  ոստիկան է, չորսը`  քաղաքացիական անձիք: Այս տարի Թուրքիայում սա թվով 4-րդ ահաբեկչությունն է: Դեռևս  ոչ մի ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել  կատարավածի պատասխանատվությունը: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  կրկին  մեղադրել է «Քուրդ անջատողականներին»:

«Kvira.ge»-ն գրում է, որ  Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին   Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողության  կապակցությամբ ցավակացական հեռագիր է ուղարկել.  «Ցավում եմ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության համար:  Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և հարազատներին, թուրք ժողովրդին ու երկրի կառավարությանը: Ցավալի է, որ ժամանակակից աշխարհում անմեղ մարդկանց օգտագործում են որպես զենք»,- ասված է Կվիրիկաշվիլիի ցավակցական նամակում:

Վրաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար Դավիթ Բերձենիշվիլին պարզաբանել է, որ Բիձինա Իվանիշվիլիի կողմից «Վրացական երազանք» կուսակցությանն  աջակցությունը բնական երևույթ է:  «Բիձինա Իվանիշվիլին ազնվորեն ասում է, որ իր  հիմնադրած «Վրացական երազանքը»  իր կուսկցությունն է:  Սրանում վատ բան չկա: Նա ասել է նաև, որ մի կուսակցություն ներկայացուցիչ  հանդիպել է իրեն, խնդրել ընտրություններում չաջակցել որևէ մի ուժի: Դա մենք չենք: Ինչպես միշտ, հիմա էլ կասեմ,  որ բարձր եմ  գնահատում 2012 թ. խորհրդարանական ընտրություններում  Բիձինա Իվանիշվիլիիի դերը, սակայն կարծում եմ, որ անցյալում «Միացյալ ազգային շարժումը» և ներկայիս   «Վրացական երազանքը»  այլևս չեն արտացոլում Վրաստանի ապագա քաղաքական տարածությունը:  Այն պետք է լինի ավելի լավ  և ավելի բազմազան»,-հայտարարել է Բերձենիշվիլին:

«Kvira.ge»-ն տեղեկացնում է, որ  Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկի հետ: Կողմերը կարևորել են  Երվրախորհրդարանում Վրաստան-ԵՄ հարաբերությունների շուրջ ծավալված բանավեճը` ընդգծելով, որ  Վրաստանի նախագահի այցը  Ստրասբուրգ տեղի է ունենում ճիշտ ժամանակին:
Ինչպես նշել է Գիորգի Մարգվելաշվիլին,  Վրաստանը վիզայի ազատականացման համար կատարել է ստանձնած բոլոր  պարտավորությունները, սակայն կարևոր է, որ  հետագայում եվս այդ  գործընթացներն  իրականացնի  սահուն կերպով:
Մարգվելաշվիլին Էլմար Բրոկի հետ խոսել է նաև երկրի ժողովրդավարական  բարեփոխումների, առաջիկա խորհրդարանական ընտրությունների ու  նախընտրական միջավայրի մասին:

«Interpressnews»-ը շարունակում է անդրադառնալ ռուս-վրացական սահմանում Վրաստանի քաղաքացու սպանության դեպքին:  Պարբերականի փոխանցմամբ`   Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար  Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Վրաստանի վարչապետը շատ հստակ ասել է, որ Գիգա Օթխոզարիային սպանողը պետք է հանձնվի և դատապարտվի Վրաստանի օրենսդրությամբ: Նրա խոսքով`  սա ժնևյան  առաջիկա բանկացությունների օրակարգային հարցերից մեկն է լինելու:

 

Թողնել պատասխան