«Kvira.ge» -ն անդրադառնում է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուփաշվիլիի հայտարարությանը. «Մենք բոլորս մեկընդմիշտ ոչ պետք է ասենք խոշտանգումներին և դրանց հեղինակներին»:
Խորհրդարանի խոսնակի պարզաբանմամբ` խոշտանգումները վերաբերում են նաև վաղ անցյալում տեղի ունեցած հանցագործություններին. «Նշանակություն չունի` հանցագործությունը տեղի է ունեցել 2004, 2007, 1997 թե 1992 թթ.: Մենք պետք է խոսենք ոչ թե հանցագործության ժամկետի, այլ անպատիժ մնացած հանցագործների մասին: Անհրաժեշտություն է այս թեմայի վերաբերյալ համակարգված և անկողմնակալ քննարկումը: Սա ոչ մի կերպ չպետք է դառնա որևէ քաղաքական գործընթացի մասնիկ: Բոլորս մեկընդմիշտ պետք է ոչ ասենք խոշտանգումներին և խոշտանգողներին», —Ուսուփաշվիլիի խոսքերն է մեջբերում «Kvira.ge»-ն:
«Interpressnews»-ը տեղեկացնում է, որ պաշտոնական այցով Վրաստանում է Չինաստանի հանրապետության պետական խորհրդի փոխվարչապետ Չժան Գաոլին: Կարևորելով այս այցը Վրաստան` պարբերականը նկատում է, որ «Մետաքսե ճանապարհ» նախագիծը գործարկել է Չինաստանը` ընդգրկելով նաև Վրաստանին: Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունից «Interpressnews»-ին ասել են, որ պատվավոր հյուրին օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին: Նշելով, որ Չժան Գաոլին հունիսի 3-ին հանդիպելու է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին, պարբերականը տեղեկացնում է, որ հանդիպումից հետո Կառավարությունում ստորագրվելու է «Տնտեսական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ» համաձայնագիր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր: Չինաստանից ժամանած պատվիրակության այցը կավարտվի հունիսի 4-ին:
«Frontnews»-ը «խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցնեն ներքաղաքական լարված պայմաններում» վերնագրած հորդվածում ներկայացնում է մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակի մասին` ԵԱՀԿ-ի զեկույցը: 11 էջանոց փաստաթղթում ասվում է, որ Վրաստանում հոկտեմբերին սպասվող խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն լարված միջավայրում: Նրանում տեղ է հատկացվել ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ վերջին զարգացումներին` դատական վեճին, ինչպես նաև քաղաքացիների անձնական կյանքին վերաբերող գաղտնի տեսանյութերի հրապարակումներին:
«Kvira.ge»-ն անդրադառնում է հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. «Գերմանիայի խորհրդարանի վերին պալատը 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն»,- գրում է «Kvira.ge»-ն, նշելով, որ քվեարկությունից առաջ Թուրքիայի վարչապետ Բինալ Իլդիրիմը Գերմանիայի խորհրդարանում հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը անվանել է «բարեկամության ստուգարք»: Թուրքիայի վարչապետը հիշեցրել է` Գերմանիայում ապրում է 3,5 միլիոն թուրք, այդ թվում 400 ձեռներեց, ովքեր Գերմանիայի տնտեսության մեջ միլիարդների հասնող դոլար են ներդրել. «Կարծում եմ, որ Գերմանիան իրավունք չունի կոտրել այդչափ մեծաքանակ ընտրողների սրտերը»,- հայտարարել է Իլդիրիմը: Վրացական պարբերականը նշում է նաև, որ ցեղասպանության հարցը Գերմանիայում քննարկվում է արդեն մի քանի տարի, իսկ Գերմանիայի նախագահը անցած տարի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները անվանել էր ցեղասպանություն:
Օրվա ընթացքում «Kvira.ge»-ն հրապարակում է թեմայի շուրջ պարբերաբար հնչող հայտարարություննները, նշում, որ Թուրքիան ի նշան բողոքի, Գերմանիայից հետ է կանչել իր դեսպանին:
«Frontnews»-ը հիշեցնում է` Կորցխելիում անցած ամիս տեղի ունեցած միջադեպի մեղավորները դեռևս ձերբակալված չեն: Դեպքից անմիջապես հետո իրավապահները 6 անձանց նկատմամբ մեղադրանք են ներկայացրել, սակայն, միջադեպի մասնակից մարզիկները ձերբակալված չեն: «Frontnews»-ը գրում է նաև, որ ի տարբերություն իրավապահ մարմինների, «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը հրապարակել է մեղավորների անունները: Այժմ ընթանում է նախաքննություն:
«Interpressnews»-ի փոխանցմամբ` Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկություն է հայտնել այցելել «Ռուսթավի 2» և «Տաբուլա» հեռուստաընկերություն` միայն այն դեպքում, երբ վերոնշյալ լրատվամիջոցները իրենց իսկ «ստերին» պատասխանելու համար բավարար ժամանակ կտրամադրեն իրեն: «Պատրաստ եմ հանդիպել բոլոր քննադատներիս հետ: Իմ գործունեության նկատմամաբ նրանց պարզաբանումները կստանան համոզիչ պատասխան-ասել է Իվանիշվիլին, հավելելով,-ես միայն մեկ պայման ունեմ՝ ինձ տրամադրել հեռուստածրագրերի մի մասը: Իմ անձի շուրջ կեղծ տեղեկատվություն է շրջանառվում: Տրամադրված ծրագրի առաջին մասում կխոսեմ իմ մասին, երկրորդում կպատասխանեմ լրացուցիչ հարցերին»,-հայտարարել է Իվանիշվիլին:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ այսօր Վրաստանում նշվում է ոստիկանության մասնագիտական տոնը: Տոնին նվիրված միջոցառմանը ելույթ է ունեցել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին, այնուհետև պարգևատրել համակարգի մի շարք աշխատակիցների. «Մենք հանցավորության դեմ անզիջում պայքար ենք հայտարարել և դրանում յուրաքանչյուրի որոշումը կարևոր նշանակություն ունի»,— հայտարարել է Մղեբրիշվիլին: ՆԳ նախարարի խոսքով` նոր իշխանությունների օրոք ոստիկանական համակարգն ապաքաղաքականացվել է. «2012 թվականից հետո Ոստիկանությունը ապաքաղաքականացվել է: Դա է հիմնական ձեռքբերումը », -հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարը: Տոնի առիթով ներկաներին շնորհավորել է նաև վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին` ընդգծելով համակարգի բարեփոխումները:
«Ռուսթավի 2»-ը շարունակում է անդրադառնալ նաև նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` օրերս հրապարակած բաց նամակին: Վկայակոչելով «Առաջին» հեռուստաընկերության եթերում «Ազգային ֆորումի» ղեկավար Գուբազ Սանիկիձեի հայտարարությունը` նշում է, թե Իվանիշվիլիի նամակը գրված է տգետ մի մարդու կողմից: Սանիկիձեի կարծիքով` Իվանիշվիլին գտնվում է շրջապատի ազդեցության տակ: Միևնույն ժամանակ նա հայտարարել է, թե Իվանիշվիլին շարունակում է կառավարել երկիրը կուլիսների ետևից: Ի պատասխան, Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է` «Գուբազ Սանիկիձեն ու նրա հայտարարությունը իրեն ընդհանրապես չեն հետաքրքրում»:
«Ալիք» մեդիան առաջիկա օրերին կներկայացնի Բիձինա Իվանիշվիլիի հիշյալ նամակի ամբողջական տեքստը հայերենով: