Վրաստանում առաջին անգամ նշում են հայրության միջազգային օրը: Նախաձեռնությունը պատկանում է «We care» կազմակերպությանը և ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամին:
Տոնը Վրաստանում ընտանիքի իրավահավասարության մեծամասշտաբ ծրագրի մասն է: Մտահղացման հեղինակները կարծում են, որ տղամարդկանց գնահատելը որպես հոգատար հայրերի` նպաստելու է ընտանեկան բարեկեցությանը: Նաեւ այն, որ հաճախ կարծրատիպերն են խանգարում տղամարդուն` պատասխանատվություն ստանձնել, ուշադիր հայր լինել, ամուսին, ընտանիքի անդամ:
Ըստ ազգաբնակչության հիմնադրամի կողմից իրականացված «Տղամարդիկ և գենդերային հարաբերությոնները» հետազոտության արդյունքների` տղամարդկանց 43%-ը գրեթե երբեք գիրք չի կարդում իր երեխայի համար, 13 տոկոսը` հազվադեպ, 6%-ը դեռահասության շրջանում երբեք չի խոսում խնդիրների մասին իր երեխայի հետ:
Աշխարհի շատ երկրներ վաղուց են նշում հայրության օրը: Այն առաջին անգամ տոնվել է ԱՄՆ-ում` 1910-ին: Երկար տարիներ են պահանջվել` տոնը պաշտոնական դարձնելու համար: Մայրերի տոնին հասարակությունը խանդավառությամբ էր արձագանքում, սակայն հայրերի օրը պետական տոն հռչակելը ծիծաղելի էր թվում: Միայն 1972-ին նախագահ Ռիչարդ Նիքսոնը պետական մակարդակով ճանաչեց օրը: Այս օրն ընդունված է պատվել հատկապես այն հայրերին, ովքեր հանգամանքների բերումով միայնակ են դաստիարակում իրենց երեխաներին: