Վրաստանյան լրատվամիջոցները շարունակում են լուսաբանել Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում տիրող լարված իրավիճակը:
«Interpressnews» պարբերականը մասնավորապես գրում է, որ Աբխազիայի վարչապետ Արթուր Միքվաբիան պաշտոնական այցով մեկնել է Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա ՌԴ կառավարության անդամների հետ: Լրատվամիջոցը Արթուր Միքվաբիայի այցը Մոսկվա կապում է Աբխազիայում տիրող իրավիճակի հետ: «Interpressnews»-ը ընթերցողներին հիշեցնում է, որ իրավիճակը հսկողությունից գրեթե դուրս է եկել հուլիսի 5-ին՝ այն բանից հետո, երբ ընդդիմությունը պահանջել է Աբխազիայի ներքին գործերի նախարար Լեոնիդ Ձամշբայի հրաժարականը: Ցուցարարները փորձել են գրոհել գերատեսչության շենքը`հրկիզելով այն: Լեոնիդ Ձամշբայի լիազորությունները դադարեցվել են: Հրաժարականի պատրաստակամություն է հայտնել նաև նախագահ Ռաուլ Խաջիմբան: Ընդիմությունը պահանջում է նաև նախագահական ընտրությունների վերաբերյալ նախապես հայտարարված հանրաքվեի օրը հետաձգել:
Վրաստանյան լրատվամիջոցներում ոչ պակաս լուսաբանվում է նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի այցը Վրաստան: Մամուլի տարբեր միջոցներում նշվում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան Թբիլիսի իր կարճատև պաշտոնական այցի ընթացում կարևոր մեսիջներ է արել: Այցի ժամանակ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում համաձայնագիր է ստորագրվել: «Netgazeti.ge»-ն «Ի՞նչ է ենթադրում վրաց-ամերիկյան հուշագիրը» վերնատառով հոդվածում փորձում է պարզել, թե ինչ է նշանակում այն: Վրաստանի ԶՈՒ-ի պաշտպանական կարողությունների ամրապնդում, պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցություն, ռազմական բնույթի տեղեկատվության փոխանակում: Փաստում է վրացալեզու պարբերականը` հիշեցնելով, որ համաձայնագիրը ստորագրել են Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
«Netgazeti.ge»- ն գրում է նաև, որ օրինակ պաշտպանության ոլորտում համաձայնագիրը ենթադրում է ԱՄՆ-ի աջակցությամբ զենք և անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերում, վրաց զինվորականների վերապատրաստում, ծառայությունների մատուցում ու աջակցություն: Դա կօգնի Վրաստանի ԶՈՒ-ի և պաշտպանության կարողությունների երկարաժամկետ կայունությանը:
«Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իշխող «Վրացական երազանքի» կազմում գտնվող «Արդյունաբերողներ» կուսակցության առաջնորդ Գոգի Թոփաձեն համաձայն չէ Ջոն Քերիի հայտարարությունների հետ: Ավելին, Թոփաձեն ԱՄՆ-ին մեղադրում է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ և հիշեցնում` «տարիներ առաջ, երբ վրաստանյան ընտրություններում քվեատուփերը լցոնվում էին քվեաթերթիկներով, ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները որևէ հայտարարություն չէին անում»:
«Netgazeti.ge»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կողմ է քվեարկել Վրաստանի հետ վիզայի ազատականեցմանը: Զեկույցը ներկայացրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ադրես Մամիկինսը, նշելով, որ Վրաստանը կատարել է ստանձնած բոլոր պարտավորությունները և արժանի է վիզային ռեժիմի ազատականեցմանը: Նիստին քվերակել են նաև Ուկրայինայի և Կոսովոյի հետ վիզայի ազատականացման օգտին:
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին հանդիպել է Վրաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Յոհաննես Դաումայի հետ: Հանդիպմանը քննարկել են երկրի նախընտրական իրավիճակը և Լեյբորիստական կուսակցության ծրագրերը: Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը այս օրերին հանդիպումներ է ունենում տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: «Հանդիպել եմ նաև Վրաստանում հիմնված որպես ամենահին կուսակցություններից մեկի` Լեյբորիստական կուսակցության առաջնորդի հետ: Պարոն Շալվան նախընտրական իրավիճակի մասին արտահայտեց իր տեսակետը, ծանոթացրեց նաև իր գլխավորած կուսակցության ապագա ծրագրերին»,-հայտարարել է Յոհաննես Դաուման: Ըստ «Ռուսթավի 2»-ի` Շալվա Նաթելաշվիլին իր հերթին տեղեկացրել է, որ Նիդերլանդների Թագավորության դեսպանի հետ նախընտրական իրավիճակի վերաբերյալ հանգամանալից քննարկում է ունեցել:
Վրացական մամուլը ուշադրության կենտրոնում է պահում նաև ազգային արժույթի` լարիի փոխարժեքի տատանումների հետ կապված թեման: Վրաստանի կենտրոնական բանկը սահմանել է հուլիսի 8-ի լարիի պաշտոնական փոխարժեքը, ըստ որի` ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0.0108 տոկոսով: ԱՄՆ 1 դոլարի գինը հուլիսի 8-ին կկազմի 2.3302 լարի: Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.0152 լարիով` կազմելով 2.5823 լարի: