Վրաստանյան մամուլը շարունակում է անդրադառնալ երկրի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունից հետո հնչող տարաբնույթ մեկնաբանություններին: Հիշեցնենք` Մարգվելաշվիլին ասել էր, որ իր ընտանիքի անդամներից մեկի նկատմամաբ մեկ ամիս առաջ ճնշման փորձ է եղել, որին մասնակցել են իրավապահները: «Kvira.ge» պարբերականը թեմային անդրադարձել է մի քանի հոդվածով: Դրանցից մեկում պարբերականը փոխանցում է «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը`դաշինքի առաջնորդների հետ գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք շրջելով` Մարգվելաշվիլին նախագահ դարձավ (2013 թ.):
Կոբախիձեն նաև նշել է. «Լավ կլիներ` նախագահին հարցնեին Կորցխելիի միջադեպին (նկատի ունի խորհրդարանական միջանկյալ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բախումը) Բոկերիայի և Մելիայի («Միացյալ ազգային շարժման գործիչներ»-խմբ.) դերակատարության մասին: Թեմային անդրադարձել է նաև Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, թե վերջին ժամանականերում քաղաքական գործիչները անբարոյական հայտարարություններով են հանդես գալիս: Նրա խոսքով` հասկանալի է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ «դժվար է խոսել դաստիարակության և բարոյականության մասին: Երիտասարդ քաղաքական գործիչները պետք է կարողանան հեռու մնալ նման երևույթներից»:
Լրատվամիջոցներն ակտիվորեն լուսաբանեցին նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության ձեռնարկություններից մեկում տեղի ունեցած պայթյունը: Մասնավորապես` «Netgazeti.ge»-ին գրում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է մոտ 20 մարդ: Տեղական ԶԼՄ-ները տեղեկացնում են զոհերի մասին, սակայն լուրը պաշտոնապես դեռևս չի հաստատվում: «Netgazeti.ge»-ն, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, տեղեկացնում է, որ ձեռնարկությունը բնակելի տարածքին մոտ է գտնվում, այդ իսկ պատճառով մարդկանց տարհանում են:
Աբխազիայում շարունակվում է քաղաքական լավածությունը: Այս անգամ հրաժարական է տվել Վրաստանի կողմից չվերահսկվող` Աբխազիայի վարչապետ Արթուր Միքվաբիան: Վերջինիս հրաժարականը բավարարել է նաև նախագահ Խաջիմբան: Վարչապետի պարտականությունները կիրականացնի փոխվարչապետ Շամիլ Աձիմբան:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին եղել է Օզուրգեթիում: Նա ներկայացրել է Օզուրգեթիի և Լանչխութ-Չոխատաուրիի մեծամասնական թեկնածուներին՝ Արչիլ Թալակվաձեին և Թեմուր Ճկուասելիին: Թեկնածուների առաջադրման առիթով տեղի ունեցած միջոցառմանը ներկա գտնվելու նպատակով, Լանչխութիից, Չոխատաուրիից, Աճարիայից և Սամեգրելոյից Օզուրգեթի են ժամանել բազմաթիվ քաղաքացիներ` այդ թվում մանկավարժներ:
«Frontnews»-ը գրում է, որ Օզուրգեթի-Լանչխութի ավտոճանապարհի Գուլիանիի հատվածում պատահար է տեղի ունեցել: Իրար են բախվել դպրոցական ավտոբուս և միկրոավտոբուս: Ավտոբուսում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման մեկնող ուսուցիչներ են եղել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկատվություն չկա:
Նույն պարբերականի փոխանցմամբ՝ «ռուս օկուպանտ»-ը ծեծի է ենթարկել 50-ամյա Զաքարիա Թակղաձեին: Դեպքը տեղի է ունեցել Գորիի շրջանի Կիրբալի գյուղում: Տուժողը ասել է, որ նա գյուղի տարածքում անասուններին արածեցնելիս է եղել, երբ ռուս սահմանապահները հարձակվել են` փորձելով ձերբակալել իրեն: Գյուղացին դիմադրություն է ցուցաբերել, ինչի արդյունքում ռուս սահմանապահններին չի հաջողվել ձերբակալել նրան: Թակղաձեն հայտարարել է, որ նա չի խախտել սահմանը և գտնվել է գյուղի տարածքում:
Վրաստանյան մամուլում ակտիվորեն շրջանառվում է նաև Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն Ալեքսանդրե Մոծոնելիձեի հրաժարականի մասին լուրը: «News.ge»-ն գրում է, այս լուրը դեռևս ճշտված չէ, միևնույն ժամանակ հիշեցնելով, որ Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն Մոծոնելիձեին կոչ է արել հրաժարական տալ: