Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրավերով փետրվարի 23-ին երկօրյա պաշտոնական այցով կժամանի Վրաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
Այցի շրջանակներում Կարեն Կարապետյանը Թբիլիսիում հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Հանդիպումների օրակարգում հայ-վրացական համագործակցությանը վերաբերող հարցերն են:
Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Տրանսպորտի, կապերի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:
Վարչապետի պատվիրակության շարքերը կհամալրեն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ու Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Վիրահայոց թեմի մամլո դիվանից «Ալիքին» տեղեկացրել են, որ Հայաստանի վարչապետը կայցելի Թբիլիսիի սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, կլինի նաև սուրբ Էջմիածին եկեղեցում, այնուհետեւ «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնում կհանդիպի համայնքի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի վերջին այցը Վրաստան կայացել է 2015թ․ մայիսին: Հայաստանի կառավարության նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի և Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը տեղի է ունեցել Բաթումի քաղաքում: Տեղեկացնում է sputnik-georgia լրատականը: