ՀՀ վարչապետը խոստացել է լուծել հայ-վրացական սահմանին գանձվող միջնորդավճարի հարցը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 3-ին  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կազմակերպվել է «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով քննարկումը:

Քննարկման ժամանակ, ի թիվս այլ հարցերի,  հնչեց նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի հարցն ու խնդրանքը: Վերջինս Կարեն Կարապետյանին խնդրեց ուշադրություն դարձնել Վրաստանից Հայաստան մուտք գործելու ժամանակ  «բրոքերային ծառայության» ( նկատի ունի այն, որ մեքենաներով հատելով սահմանը`հայկական կողմից բեռնամաքսային հայտարարագրերի լրացման համար բրոքերային միջնորդավճարներ են գանձվում) վճարման գործընթացին: Լևոն Չիդիլյանը նշեց, որ Բավրայի անցակետում Վրաստանի քաղաքացիներից պահանջվում է 1000 դրամ, Բագրատաշենում՝ 2000:

«Հայարտուն» կենտրոնի տնօրենը նաև հավելեց. «Ուզում եմ Ձեր ուշադրության կենտրոնում պահեք Թիֆլիսի հայության հետ կապված խնդիրը: 1989 թվականին միայն Թիֆլիսում ապրում էր 150 հազար հայ, 2002 թվականին՝ 82 հազար, իսկ արդեն 2014 թվականին մնացել է 53 հազար հայ, որոնց մեծամասնությունը չգիտի հայերեն գրել-կարդալ»:

Սահմանում վճարումներին վերաբերող հարցի շուրջ ՀՀ վարչապետը խոստացավ, որ անպայման լուծումներ կգտնեն:  «Մենք այդ խնդրի մասին գիտենք: Պետական եկամուտների կոմիտեի նախագահն անպայման լուծումները տալու է, որովհետև դա շատ կարևոր է: Դա մեր օրակարգում է»,- հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Լուսանկարը՝ Tert.am-ի

Թողնել պատասխան