Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Նախագահ Սարգսյանը ողջունել է վարչապետ Բախտաձեի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ Հայաստանի ու Վրաստանի բարեկամությունը պատմական խորն արմատներ ունի:
«Երկու երկրներն այսօր թևակոխում են նորագույն պատմության մի շրջան, որն առանց վարանելու կարելի է բնութագրել որպես եղբայրական և գործընկերային: Իհարկե, այս լուրջ պատմական հարստությունը նախադրյալներ է ստեղծում գործընկերության նոր ուղղություններ նախանշելու և իրականացնելու համար: Ներկայումս մեր քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, սակայն առկա է չիրացված մեծ ներուժ, հատկապես՝ տնտեսության ոլորտում: Վստահ եմ, որ Ձեր այս այցելությունը նոր խթան է հանդիսանալու մեր երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,-նշել է նախագահ Սարգսյանը:
Վրաստանի վարչապետն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առանձնահատուկ պատիվ է վարչապետի կարգավիճակով հյուրընկալվել Հայաստանում:
«Այս տարին խորհրդանշական է և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի համար, քանի որ մեր երկու երկրները նշում են Անկախության հռչակման 100-ամյա հոբելյանները: Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել նաև սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ: Մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նշեցիք, բարձր մակարդակի վրա են գտնվում, սակայն տնտեսական բնագավառում իսկապես ունենք չօգտագործված ներուժ: Այսօր իմ գործընկերների հետ մանրամասնորեն խոսել ենք համագործակցության ուղղությունների մասին»,- նշել է վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ավելացնելով, որ առաջիկայում միջկառավարական հանձնաժողովների համատեղ նիստ է նախատեսվում, որի ընթացքում կնախանշվեն տնտեսական զարգացման ուղիները:
Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջև առկա է համագործակցության լայն դաշտ և երկուստեք փոխգործակցությունն ընդլայնելու ձգտում: Մասնավորապես նշվել է գիտության, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև տնտեսության այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականցման կարևորությունը:
Հանդիպման ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին: