Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Սերժ Սարգսյանին։
Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ Հայաստանի նախագահի այցը Վրաստան ևս մեկ անգամ խոսում է երկու երկրների բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների մասին։ Իրակլի Կոբախիձեն Սերժ Սարգսյանին շնորհակալություն է հայտնել Բորջոմիում տեղի ունեցած հրդեհի ժամանակ ցուցաբերած օգնության համար և նշել, որ վրաց ժողովուրդը բարձր է գնահատում հայ ազգի կարեկցանքը ծանր պայմաններում։
Կողմերը նշել են, որ բարեկամական հարաբերություների հաստատման և ակտիվացման համար հատուկ դեր է խաղում ժողովուրդների միջև հարաբերությունները և հաստատել են, որ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի խորհրդարանները պատրաստ են դրան։
Սերժ Սարգսյանի խոսքով, Վրաստանը և Հայաստանը հարևանությունից զատ բազմադարյա հարաբերություններ ունեն։
Կարևորվել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական համագործակցության դերը։ Կողմերի խոսքով, բարձրագույն օրենսդիր մարմինների միջև դինամիկ հարաբերությունները հատկապես կարևոր են, հաշվի առնելով, որ մոտ ապագայում Վրաստանը և Հայաստանը անցնում են խորհրդարանական կառավարման։
Վրաստանի խորհրդարանի խոսնակը նախագահ Սերժ Սարգսյանին ծանոթացրել է ներքին բարեփոխումների օրակարգին և արտաքին քաղաքականության գերակայություններին։ Իր հերթին, հայկական կողմը Կոբախիձեին ևս մեկ անգամ հրավիրել է Հայաստան։