Փետրվարի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլիի հետ։
Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-վրացական տնտեսական հարաբերություններում նախորդ տարի գրանցած աճը, ինչպես նաև անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական մի շարք հարցերի։
Դիմիտրի Քումսիշվիլին կարևորել է Հայաստանի միջոցով դեպի իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները։
Դեսպան Սադոյանն իր հերթին նշել է զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտության մասին և ընդգծել, որ վրացի զբոսաշրջիկների համար Հայաստանը զբոսաշրջային նախընտրելի ուղղություն դարձնելու հարցը գտնվում է իր մշտական ուշադրության կենտրոնում։
Անդրադառնալով զբոսաշրջության թեմային՝ նախարար Քումսիշվիլին ներկայացրեց այդ ուղղությամբ վրացական իշխանությունների կողմից տարվող ակտիվ քաղաքականությունը։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական դարձնել ոլորտային ուղղություններով երկկողմ շփումներն ու փորձի փոխանակումը։
Հաղորդագրությունը եւ լուսանկարը Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից