Հին վրացական ձեռագիրը կարող է տեղ գտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում` երկրի ազգային արխիվի մասնագետների զարմանալի բացահայտումից հետո: Ավետարանի ձեռագրերի տվյալների նորացման աշխատանքի արդյունքում գիտնականներին հաջողվել է ավելի հին ձեռագրեր գտնել: Պարզվել է, որ ձեռագիրն իրենից կրկնագիր է ներկայացնում` այսինքն սա գրավոր հուշարձան է, որում առաջնային գիրը մաքրվել է և փոխարինվել նորով: Այլ կերպ ասած` վրացական գրի յուրաքանչյուր տողը ավելի հին ձեռագրի վրա է գրված: Գիտնականների պնդմամբ` տեքստերից ամենահինը մ.թ. 9-10-րդ դարերի գիր է:
Ներկայում, ձեռագրերը ներկայացված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» (Memory of the World) միջազգային ռեեստրին: Սա 1992 թվականին ստեղծված` համաշխարհային փաստաթղթային ժառանգության պահպանման ծրագիր է: Ավետարանը Վրաստանի Ազգային թանգարան է եկել 1924 թվականին, Գորիի շրջանի Տորտիզ գյուղի Աստվածածին եկեղեցուց։ Հին նկարագրությունների մեջ այն համարվում է 14-րդ դարի Ավետարան:
Ձեռագրերի նոր նկարագրության ծրագիրը Վրաստանի ազգային արխիվում մեկնարկել է 2014-ին, նպատակը արխիվի հազարավոր ձեռագրերի տվյալների նորացումն է: Ծրագրի շրջանակում նախորդ տարի հրապարակվել է 100 ձեռագրի նկարագրություն: Ներկայում` աշխատանք է տարվում ձեռագրերի երկրորդ հատորի վրա:
Հիշեցնենք, որ 2011-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողության» ցանկը համալրեցին Վրաստանի բյուզանդական ձեռագրերը` 1000 աշխատանքից կազմված հավաքածուն, որոնցից մի քանիսը մ.թ.ա. 5-րդ դարին են վերագրվում: 2015—ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ անցավ նաև Վրաստանի 2 փաստաթուղթ` Շոթա Ռուսթավելիի «Վագրենավոր» պոեմի ձեռագրերի հավաքածուն և բյուզանդական ժամանակաշրջանի հնագույն նմուշներ: