«Հայ Ժողովուրդը ցույց տվեց ժողովրդավարության լավագույն օրինակը։ Պարոն Փաշինյանի առաջնորդությամբ Հայաստանում հաղթեց ժողովրդավարությունը»,-այս մասին մայիսի 31- ին Ախալքալաքի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Վերջինս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, ով Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին այցելել էր Վրաստանի հայազգի քաղաքացիներով բնակեցված տարածաշրջան՝ Սամցխե-Ջավախեթի։
Միասին ելույթ ունենալով շրջանի բնակիչների առջև Ջանելիձեն մասնավորապես նշել է, որ Վրաստանում մեծ ուշադրությամբ են հետևել հայաստանյան վերջին իրադարձություններին: «Ես պարոն Փաշինյանին հաջողություն եմ մաղթում երկրի կառավարման գործում, քանի որ հզոր Հայաստան՝ նշանակում է հզոր Վրաստան և հզոր Վրաստան՝ նշանակում է հզոր Հայաստան»։
Նախարարը ընդգծել է, որ անկախության վերականգնումից ի վեր Վրաստանը և Հայաստանը օրինակելի են եղել ժողովրդավարության սկզբունքների պահպանման տեսանկյունից:
«Հազարամյակների պատմություն ունեցող մեր երկրները յուրահատուկ են իրենց մշակույթով, լեզվով ու համաշխարհային մշակույթի մեջ ունեցած հսկայական ժառանգությամբ: Անկախության վերականգնումից ի վեր մեր երկրները հիմք են դրել օրինակելի եղբայրական, բարեկամական, վստահության վրա հիմնված հարաբերությունների, որը շարունակվում է առ այսօր»:
Ջանելիձեն նշել է նաև, որ ՀՀ վարչապետի հետ ունեցած զրույցից եկել են եզրակացության, որ կա ցանկություն և կամք հայ-վրացական հարաբերությունները հասցնել բոլորովին նոր՝ նախադեպը չունեցող մակարդակի:
«Հայաստանն ունի յուրահատուկ դիրք և կապեր միջազգային ասպարեզում։ Վրաստանն իր հերթին ունի այլ ինտեգրացիոն ճանապարհը: Այդ տարբեր գործընթացներից պետք է օգտվեն երկու երկրների քաղաքացիները, օգտագործեն այդ կապերն ի շահ երկու երկրների»,-նշել է Ջանելիձեն՝ նկատի ունենալով այն, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը, իսկը Վրաստանը Եվրամիության հետ ազատ առևտրի գոտի է մտել։