2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ռազմական թեմաները շարունակում են մնալ հայաստանյան մամուլի ուշադրության կենտրոնում:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գնահատմամբ, զգալի աճել են զորակոչերի, շփման գծում տեղի ունեցող դեպքերի և ձեռքբերումների վերաբերյալ լուրերը: Նրա համոզմամբ, հայաստանյան մամուլում ռազմական լուրերի լուսաբանման մասնագիտական խնդիր կա։
«Լրագրողներից շատերն արագության, օպերատիվության վրա են շեշտ դնում՝ մոռանալով որակի մասին: Նրանք չեն փորձում երևույթը հասկանալ, քանի որ մասնագետ չեն: Նրանք մտածում են` եթե ուշացնեն` պահը կկորցնեն: Դա շատ ցավալի երևույթ է: Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ լրագրողները թեմայի մեջ մի քիչ խորանան»,-«Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով ապրիլյան դեպքերի հետևանքով առաջացած մամլո ծառայության օրակարգային փոփոխություններին` Հովհաննիսյանն ասաց, որ մեծացել է լրահոսի դինամիկան։
«Օրվա ընթացքում հեռախոսիս 150-ից ավելի զանգ եմ ստանում, չհաշված այն հանգամանքը, որ մամուլի ծառայությունն ունի իր թեժ գիծը»:
Խոսելով սփյուռքի նշանակության և այս ոլորտում նրա գործառույթի մասին, մամլո խոսնակը նշեց.
«Շատ դժվար է սփյուռքին խորհուրդներ կամ ուղղություններ տալ, այն առանց այն էլ շատ կազմակերպված կառույց է: Մեր քույրերն ու եղբայրներն աջակցում են մեզ տարբեր ուղղություններով: Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ Հայաստանի հետ շփվելով ավելի լավ կպատկերացնեն այստեղ տիրող իրավիճակը»:
Ինչ վերաբերում է տեղեկատվական պատերազմի պատրաստվածությանը, ըստ Հովհաննիսյանի` հայկական կողմը խնդիր չունի։
«Մենք տեղեկատվական պատերազմի պատրաստ լինել-չլինելու խնդիր չունենք, մենք դա վարում ենք, մենք դրա մեջ ենք, հակառակորդը մեզ չի տալիս հնարավորություն նստել, սպասել հաջորդ գործողությանը, այդ գործողությունները տեղի են ունենում ամեն օր:
Օրինակ` երեկ գիշեր հակառակորդը սադրել է, բայց մեղադրել է մեզ ու հիմա էլ աշխարհին փորձում է իրավիճակը ներկայացնել իր տեսանկյունից»: