«Հարությունից համբարձում» (From Easter to Ascension) միջազգային փառատոնն արդեն 11-րդ անգամ կնշվի Վրաստանում: Փառատոնին մասնակցելու նպատակով Վրաստան կժամանեն համաշխարհային ճանաչում ստացած ինչպես վրացի, այնպես էլ այլ ազգի ներկայացուցիչ երաժիշտներ:
Մշակութային այս միջոցառումը կանցկացվի մայիսի 5-ից հունիսի 9-ը: Փառատոնի մեկնարկը կտրվի Վրաստանի եւ Դաղստանի ազգային նկարիչ Մանանա Մագոմեդովայի լուսանկարների ցուցահանդեսով:
Փառատոնի կազմակերպչական խմբում են Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը: Այն այս տարի կանցկացվի «check in Georgia» ծրագրի շրջանակներում: Ալիք Մեդիան զրուցեց Մշակույթի նախարարության՝ մշակույթի տարածման բաժնի ղեկավար Գիորգի Ապցիաուրիի հետ:
«Վրաստանի մշակույթի նախարարությունը ուրախությամբ է աջակցում Հարության տոնից մինչեւ Համբարձման տոն» փառատոնի անցկացմանը: Այս տարվա ծրագիրը շատ հետաքրքիր է: Կլինեն բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ` շրջաններում: Շրջանների ունկնդիրները լավ հնարավորություն կունենան ծանոթանալու ինչպես վրացի, այնպես էլ օտարերկրյա երաժիշտների հետ: Կմասնակցեն երաժիշտներ Իսրայելից, Ֆրանսիայից, ինչպես նաեւ այլ երկրներից»:
Փառատոնի ստեղծվել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդի և Ակակի Ռամիշվիլիի «Ավանդույթ եւ նորամուծություն» հիմնադրամների կողմից:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստեղծագործող հայտնի վրաց դաշնակահար Ալեքսանդր Կորսանտիան:
Փառատոնի կազմակերպիչ Մանանա Դավիթաշվիլին թվարկեց փառատոնի պատվավոր հյուրերի անունները:
«Ալեքսանդր Կորսանտիան ամեն կերպ փորձում է փառատոնը վերածել էլ ավելի հետաքրքրիր միջոցառման: Այսպես, մայիսի 6-ին Օպերայի եւ բալետի թատրոնում կներկայացվի «Դոն Կարլոսը»: Այս ծրագրի հեղինակն Իանո Ալիբեգաշվիլին է ` օտարերկրյա իր ընկերների հետ միասին: Կարծում եմ` ունկնդրի համար բավականին հետաքրքիր ծրագրեր ունենք»:
Ուշագրավ է նաեւ փառատոնի ծրագիրը, որի շրջանակներում տեղի է ունենալու միջոցառում` նվիրված Ջուզեպե Վերդիի` կյանքից հեռանալու 115-րդ տարելիցին, ինչպես նաեւ օպերայի եւ բալետի թատրոնի ստեղծման 150- ամյակին:
Բացի այդ` կնշվի Վրաստանի ու Իսրայելի անկախության տոնը, կկազմակերպվի երեկո ` նվիրված վրաց երգահան Վաժա Ազարաշվիլիի 80-ամյակին:
Ինչպես նշեցին փառատոնի կազմակերպիչները, պատվավոր հյուրերից է ԱՄՆ-ում ստեղծագործող դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ով կներկայացնի բացառիկ- Բախ՝ լավ տեմպերացված կլավիր ծրագիրը:
Ալիք մեդիայի հետ զրույցում փառատոնի նախաձեռնող, մասնակից, համաշխարհային ճանաչում ունեցող վրաց սոպրանո Իանո Ալիբեգաշվիլին ասաց.
«Առաջին հերթին ինձ համար տոն է Վրաստանում համերգով ներկայանալը: Երկրորդ հատկանշական փաստն այն է, որ փառատոնի կազմակերպիչների շնորհիվ, երազանքս իրականություն դարձավ, եւ արդյունքոմ, վրաց ունկնդրին կկարողանամ ծանոթացնել իմ ընկերների հետ: Շատ հարուստ երեկո է սպասվում բոլորիս»:
Թբիլիսիից զատ`փառատոնը կանցկացվի նաեւ այլ քաղաքներում: Համերգ տեղի կունենա Մեստիայում, իսկ փակման արարողությունն, ըստ ավանդույթի, կնշվի Բաթումիում` հունիսի 9-ին, երբ կնշվի Համբարձման տոնը: