Հարավային Օսիայի հետ շփման գծի երկայնքով նկատվում է զինվորական համազգեստով, զինված անձանց մոբիլիզացում: Այս մասին դեպքի վայրից հայտնում է «interpressnews» լրատվականի թղթակիցը՝ նշելով, որ վրացական Ախալուբանի, Աձվի եւ Ջարիաշենի գյուղերի բնակիչներին սահմանապահները (օսական կողմի-խմբ․) արգելում են այցելել հատման գծի հարակից տարածքներում գտնվող վրացական եկեղեցիներ:
«Interpressnews»-ը հիշեցնում է, որ նախորդ տարվա նոյեմբերի 23-ին ևս շփման գծի մոտ գտնվող եկեղեցիներ մուտքն արգելված էր, սահմանապահները նույնիսկ այդ օրը վրացական գյուղերի մի քանի բնակչի էին ձերբակալել։
Գորիի մունիցիպլիտետի ներկայացուցիչ Դավիթ Տատիաշվիլին «interpressnews»- ի լրագրողի հետ զրույցում ասել է.«այս գյուղերի բնակիչները պատերազմից հետո ևս շարունակում են բարձրանալ Սբ Գևորգի տաճար, չնայած նրան, որ վերջին երկու տարիներին սահմանապահները խստորեն արգելում են: Եթե որևէ մեկը մոտենա եկեղեցուն, կձերբակալվի: Ժողովուրդը վախեցած է եւ չի կարողանում աղոթել իր եկեղեցում»:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 23-ին Վրաստանը նշում է Սուրբ Գևորգի տոնը` «Գիորգոբան»։
Լրատվամիջոցը փոխանցում է, որ շփման գծում տիրող իրավիճակին վաղ առավոտից հետեւում է Եվրամիության դիտորդական առաքելությունը: